Գորիսից ահազանգում են. ՊՆ-ն արագանքել է
Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ լարտվական բաժնից:
«Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Ավելի վաղ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ թշնամին Սև լճի տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու։
«Ինչպես եւ կանխատեսում էինք մեր` Հայերիս թշնամին` թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու, ի դեպ ասեմ Սև լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիևանիկոլական քարտեզներով: Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը, ի դեպ ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին: Փոխարեն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ և սուտ հայտարարություններ տարածելուն լավ կլիներ ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացվող խնդիրներին ականջ դնեիք, ամոթի զգացում ունեցեք…»,- գրել էր նա։
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն իր հերթին ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։
«Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են։ Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնյալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք սյունեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,- գրել էր Յոլյանը: