Որոշումը դատարանը կհրապարակի ապրիլի 6-ին

Որոշումը դատարանը կհրապարակի ապրիլի 6-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Աննա Դանիբեկյանը որոշումը կհրապարակի ապրիլի 6-ին ժամը 17:45-ին:

Հիշեցնենք, որ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ ՔՕ 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:  Պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

«Չկա հոդվածը, և չի կարող լինել այդ հոդվածով նախատեսված դեպք», – ընդգծել է պաշտպան Հայկ Ալումյանը։

Պաշտպանական կողմը պահանջում է նաև փոփոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը՝ այն վերացնելով կամ զգալիորեն նվազեցնելով դրա չափը։ Բացի այդ, փաստաբանները պահանջում են, որ մեղադրող կողմը գրավոր ներողություն խնդրի ապօրինի հետապնդում իրականացնելու համար։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հենց այդ հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth