Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է հայկական գրանցմամբ ինքնաթիռի առևանգման մասին լուրերին

Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է հայկական գրանցմամբ ինքնաթիռի առևանգման մասին լուրերին

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել հայկական գրանցմամբ օդանավի առևանգման մասին լուրերի վերաբերյալ:

«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:  Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:

Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մեկ այլ հաղորդագրություն էր տարածել. «Հարգելի քաղաքացիներ, 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: «Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»,- գրել է Ճաղարյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth