Արցախի պետբյուջե մուտքագրված եկամուտներն ու տուրքերը նվազել են ավելի քան 65 տոկոսով

Արցախի պետբյուջե մուտքագրված եկամուտներն ու տուրքերը նվազել են ավելի քան 65 տոկոսով

Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախնական տվյալներով, 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում  կազմել են 1 միլիարդ 27,2 միլիոն  դրամ, որը  նախորդ տարվա նույն ցուցանիշից պակաս է 65.8 տոկոսով կամ 1 միլիարդ 972.3 մլն դրամով: Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական եկամուտների կոմիտեից:

«Այս տարվա հունվարի ընթացքում հարկային մարմնում գրանցվել (հաշվառվել) է թվով 60, լուծարվել` 5 տնտեսավարող սուբյեկտ: Նույն ժամանակահատվածում կատարվել է 27 ուսումնասիրություն, այդ թվում 21-ը` հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման անհրաժեշտության, 6-ը` ակցիզային դրոշմանիշների շարժի և դրոշմավորման կանոնների պահպանման: Հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից ընդունվել և մշակվել է 6 819 հաշվարկ-հաշվետվություն, որից էլեկտրոնային եղանակով` 6 460: Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման նպատակով հարկ վճարողների հետ կնքվել է 29 պայմանագիր: Հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի գործընթացի շրջանակում՝ 28 վարձու աշխատողի հունվար ամսում վերադարձվել է 3,9 մլն դրամ: Գործունեությունը նոր սկսող 10 հարկ վճարողների տրամադրվել են հավաստագրեր՝ եռամսյա ժամկետով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարկային մարմինների համագործակցության ծրագրի շրջանակում երկու կառույցների միջև իրականացվել են Արցախի Հանրապետության հարկ վճարողների կողմից ՀՀ մաքսային սահմանով կատարված ներմուծումների, արտահանումների, ՀՀ և ԱՀ սուբյեկտների միջև իրականացված գործարքների, անուղղակի հարկերի հաշվանցումների, ինչպես նաև հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերի ու տեղեկությունների փոխանակման աշխատանքներ:  Հունվար ամսվա ընթացքում հարկային մարմին է մուտքագրվել 223, ելքագրվել` 61 նամակ-գրություն, որոնք ընթացքավորվել են ըստ գործող կարգի»,- հայտնում են Արցախի պետեկամուտների կոմիտեից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth