Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է տնտեսական ակտիվության ցուցանիշներին

Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է տնտեսական ակտիվության ցուցանիշներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է տնտեսական ակտիվության ցուցանիշներին. «Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին, իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով: Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս COVID-ի ազդեցությունները չկային, քանի որ դեռ Հայաստանում կորոնավիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020թ. փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019թ. նկատմամբ: Հարկ է արձանագրել, որ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում: Իհարկե, էլի ասում եմ, որ այստեղից հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ և, իհարկե, սա շատ կարևոր նորություն է»:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ դրամաշրջանառության մասով գրանցված 31 մլրդ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ մանրածախ սպառման, արտադրության և ծառայությունների մատուցման: «Իսկ արձանագրված ավելի քան 604 հազար գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին նույն համամասնությամբ: Եվ հետաքրքիրն այստեղ այն է, որ աճել են և՛ մեծածախ, և՛ մանրածախ, այսինքն՝ 80 տոկոսը վերաբերում է ՀԴՄ կտրոններով իրացման շրջանառությանը, իսկ 20 տոկոսը հաշվարկային փաստաթղթերով իրացման շրջանառությանը: 604 հազար գործարքներից 483 հազարը նույն համամասնությամբ վերաբերում են ՀԴՄ կտրոններին, իսկ ավելի քան 120 հազարն արդեն հաշվարկային փաստաթղթերին»,-ասել է ՊԵԿ նախագահը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն էր, և սրանով կարող են հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն, ինչը զարգացման կարևոր նախադրյալ է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին նշել է, որ դա լավ նորություն է և պետք է ուշադիր լինել սպառման աճին. «Գիտենք, որ շատ հարսանիքներ, միջոցառումներ, հետաձգված են եղել, և հիմա, այսպես ասած, կուտակված պատկերն է մարվում: Պետք է շարունակենք աջակցությունը, որը հատկացնում ենք տնտեսությանը՝ մինչև համոզված լինենք, որ կայուն վիճակում ենք գտնվում»:

Վարչապետն էլ նկատել է, որ նույնիսկ կայուն վիճակում կառավարությունը չի դադարեցնում տնտեսությանն աջակցելը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth