954 մլն դրամ կուղղվի 2020-ին ընդունած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը

954 մլն դրամ կուղղվի 2020-ին ընդունած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. 954 մլն դրամ կուղղվի 2020-ին ընդունած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, այդ գումարից 99 մլն դրամն ուղղվելու է անցած տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32.5 մլն դրամը հատկացվելու է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններին ուղղված Կորոնավիրուսի 25-րդ աջակցության միջոցառման ապահովմանը, 165 մլն դրամ կհատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման գծով 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը: «Այստեղ մենք արդեն փոխհատուցել ենք 274 միլիոն դրամ և ևս 165 միլիոն փոխհատուցելու ենք անցած տարվա պարտավորությունները՝ մոտ 4.4 միլիոն լիտր կոնյակի արտահանման խթանմանն ուղղված ծրագրով»,- ասել է նախարարը: Վահան Քերոբյանը հայտնել է նաև, որ 114 միլիոն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների և զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը, 543 միլիոն դրամը՝ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժման շրջանակում՝ դեկտեմբերի, հունվարի, փետրվարի խնամքի և սննդի ծախսերի փակման նպատակով:

Անդրադառնալով կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցման հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք կոնյակի սպիրտի այդ ծավալներն արդեն արտահանվե՞լ են, և հիմա տուրքի փոխհատուցո՞ւմ է իրականացվում: Վահան Քերոբյանը ի պատասխան նշել է, որ այո, սա նախորդ տարվա արտահանվածի տուրքի փոխհատուցումն է. «Այս տարվա համար 900 մլն դրամ ենք հատկացրել, որը 9 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանն ուղղված ծրագիր է: Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը նաև շղթայական էֆեկտ ունի մինչև խաղողագործություն և գյուղատնտեսության զարգացում»:

Նախարարի խոսքով, հաշվի առնելով անցած տարվա խիստ ծանր վիճակը կոնյակի և գինու արտահանման հարցում, այդ 2 կատեգորիաներում ունեն էական անկում. «Կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է եղել, որ կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել և չթողնել, որ գյուղատնտեսները լուրջ խնդիրների առջև կանգնեն»:

Արձագանքելով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այդ կարևոր որոշումը կայացվել է ճգնաժամային տարում։ «Այս գործընթացում նաև շատ կարևոր է, որ խաղողի մթերումների և խաղողի այգիների իրական պատկերը սկսենք ստանալ Հայաստանում, որպեսզի նաև հստակ լինեն այն ծավալները, որոնք մթերվում են։ Այս գործիքով, որով խթանում ենք տնտեսվարողներին, նաև մեկ այլ բան ենք ասում տնտեսավարողներին, որ այնուամենայնիվ այս գործընթացը պետք է լինի մաքսիմալ թափանցիկ, և խաղողի իրական ծավալների հետ կապված մեր բոլոր մտահոգությունները պետք է փարատված լինեն»,– ասել է փոխվարչապետը։

Վահան Քերոբյանը հավելել է, որ խնդիրն իսկապես լուրջ է և մի շարք մեծ հարցեր են առաջացել մթերումը վերահսկելու կամ մթերման գործընթացին հետևելու ժամանակ։ Նախարարի գնահատմամբ՝ հարցը անհրաժեշտ է լուծել թվային մեթոդների կիրառմամբ, որպեսզի շատ աշխատուժ չներգրավվի այդ գործընթացում: Վահան Քերոբյանը հայտնել է նաև, որ 3 մարզում արդեն ավարտվել են խաղողի տնկարկների քարտեզագրման գործընթացը, այս տարի նախատեսվում է ևս 2 մարզում այդ աշխատանքներն իրականացնել: «Արդյունքում մենք կունենանք ամբողջական պատկեր խաղողի այգիների մասով և բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի վերահսկել խաղողի մթերումն ամբողջությամբ»,-ասել է նախարարը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth