Արցախահայության աջակցության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 61 մլրդ դրամ

Արցախահայության աջակցության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 61 մլրդ դրամ

Գործադիրը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը: Մասնավորապես, դրամական օգնությունը տրամադրելու է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, եթե շահառուն Արցախի Հանրապետության կենսաթոշակառու է կամ Ծառայությունը, եթե շահառուն Արցախի կենսաթոշակառու չէ և ներկայացրել է էլեկտրոնային դիմում։ Էլեկտրոնային դիմումը ներկայացվելու է օոliոe.ssa.am կայքէջի միջոցով մինչև 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև հունիսի 15-ը։ Դրամական օգնությունը Արցախի Հանրապետության կենսաթոշակառուներին և նպաստառուների վճարվելու է կենսաթոշակի վճարման հետ միաժամանակ, իսկ մնացած դեպքերում՝ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պայմանագիր կնքած բանկում բացված՝ շահառուի (անչափահասի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական օգնության վճարման ցուցակը ձևավորում է տվյալ ամսվա 10-ին և 20-ին։ Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մանրամասներ է ներկայացրել մինչ այժմ արցախահայությանը տրամադրված օժանդակությունների վերաբերյալ: «Մինչ այժմ արցախահայությանը տրամադրված սոցիալական աջակցության 20 միջոցառում է հաստատվել, որոնց մի մասը դեռ ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ այդ բոլոր միջոցառումների շրջանակում ուղիղ ֆինանսավորվել է 21.5 մլրդ դրամ: Այսինքն՝ այդքան գումար արդեն փաստացի տրամադրվել է արցախահայությանը: Դեռևս ընթացքի մեջ գտնվող ծրագրերով, որոնք մոտ ժամանակներս կավարտվեն, մինչև 3 մլրդ դրամի բյուջե ունենք, որոնք շահառուները պետք է ստանան: Այսինքն՝ ընդհանուր առմամբ առկա ծրագրերով մոտ 25 մլրդ դրամի ֆինանսավորում արդեն ունենք»,- ասել է նախարարը: Մեսրոպ Առաքելյանը հայտնել է նաև, որ կառավարության այսօրվա նիստում ընդունված միջոցառումն էլ ներառյալ, արցախահայությանը տրվող աջակցության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 55 մլրդ դրամ:

Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ևս 6 մլրդ դրամ աջակցություն կառավարությունը հատկացրել է նախորդ տարվա դեկտեմբերին և ընդհանուր հատկացումները հասնում են 61 մլրդ դրամի:

Վարչապետը, անդրադառնալով աջակցության ծրագրերին, նշել է, որ իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակում արդեն 18 աջակցություն միջոցառում է ընդունվել: «Նաև պետք է արձանագրել, որ այդ 18 աջակցության միջոցառումների իրականացման տեմպերի մեջ որոշակի խնդիրներ ունենք, մասնավորապես՝ վիրավորված զինծառայողների աջակցության ծրագիրը կարծես թե անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ անհետ կորած և գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքներին աջակցության ծրագիրը, ինչքան ես շփումներից հասկանում եմ, դեռևս չի ամբողջացել: Այսինքն՝ կան շահառումներ, որոնց գումարը դեռևս չի հասել: Ճիշտ է՝ մեծամասնությանը հասել է, բայց կան շահառուներ, որոնց դեռևս այդ գումարը չի հասել և պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի:

Հաջորդ հարցը, որի հետ առնչվում ենք այն է, որ կարգերի մեջ պետք է փոփոխություներ մտցնել, որպեսզի այդ աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի: Կարծում եմ՝ կառավարության որոշումներում որոշակի կարգավորումներ պետք է իրականացնել բաշխման առումով, որ ավելի ճշգրիտ հասցեատերերին հասնի: Այդտեղ կարևոր թերություն եմ համարում, որ երեխաները կարծես թե շահառու չեն հաշվառվում և դա գործնականում որոշակի հարցեր է առաջացնում: Ես հանձնարարել եմ արդեն, որ այդտեղ ուսումնասիրություն անենք, քանի որ, ըստ ամենայնի, որոշակի ճշգրտումների կարիք կա: Կարծում եմ՝ նույնիսկ այն ծրագրերը, որոնք արդեն իրականացվում են, պետք է մի հատ էլ նայել՝ գործնականում ինչ խնդիրներ, ինչ բողոքներ են առաջացնում շահառումների շրջանում, որպեսի մենք կարողանանք այդ հարցը լուծել»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth