Զինամթերքի վնասազերծման 64 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծման 64 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ 2021 թվականի փետրվարի 8-14-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 792 զանգ, որոնց 64-ը քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ: ԱԻՊԾ սակրավորների հետ Արցախի տարածքը հնարավոր վտանգից մաքրելու եւ արտակարգ իրավիճակների սպառնալիքներից խուսափելու համար, չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքներին ընդգրկվել են նաեւ «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը», «The Halo trust» կազմակերպությունը, Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության,արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման եւ պաշտպանության նախարարությունների սակրավորական ջոկատները: Սեպտեմբերի 27-ից առայսօր միայն ԱԻ ծառայության սակրավորները Արցախի տարածքից հայտնաբերել եւ ոչնչացրել են 2 722 հրթիռային, հարվածային եւ կասետային ռումբ, 286 հատ ականանետի ական, 186 հատ ձեռքի նռնակ, 13 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, 600 հատ արկ: Ինժեներահետախուզական աշխատանքները շարունակվում են:

Եղանակի տաքացման հետ Արցախում ավելացել են հրդեհները: Անցած 7 օրվա ընթացքում գրանցվել է 22 հրդեհ: Տարվա այս սեզոնին սա աննախադեպ թիվ է: Հրդեհները գրանցվել են խոտածածկ տարածքներում, անտառներում եւ բնակելի մեկ տնակում: Հրշեջ փրկարարական մարտական հաշվարկները ժամանակին մարել են բոլոր հրդեհները, բնապահպանական լուրջ վնասներ չեն գրանցվել, տուժածներ չկան: Վերջին շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 56 կանչ է գրանցվել: Դրանք մեծ մասամբ բնակչության օգնության, վթարափրկարարական, հիվանդների տեղափոխման, ջրամատակարարման-ջրահեռացման եւ փակ դռների բացմանն էին վերաբերում: 911 ահազանգման կենտրոնում վերջին 7 օրում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ահազանգեր չեն արձանագրվել: ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: 2021 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, որից 15-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձիք են:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth