Երևանում կկառուցվի «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն

Երևանում կկառուցվի «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն

Կառավարությունը որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Արմենիա Վայն» գործարան» ՍՊԸ-ին: Ընկերությունն իրականացնում է ներդրումային ծրագիր, որի արդյունքում կառուցվելու է նաև բարձրահարկ «Դիջիթաուն» ՏՏ նորարարական տեխնոլոգիաների միջազգային կենտրոն:

Ընկերությունը դիմել է կոմիտեին վերոհիշյալ հասցեում գտնվող անշարժ ևս օտարել՝ ծրագրի ընդլայման համար։ Նախնական գնահատականներով, կներդրվի 40 մլն դոլար և կստեղծվի 5000 աշխատատեղ: Քննարկման արդյունքում որոշման մեջ ներառվել է դրույթ՝ համաձայն որի նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը երաժշտական դպրոցի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։

Կառավարությունը գումար է հատկացրել ՏՏ ոլորտի պրոդուկտ ստեղծող ընկերություններին դրամաշնորհի տրամադրման գործընթացը կազմակերպելու համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2021 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար հատկացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման հիման վրա կազմակերպված դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչված տնտեսավարող սուբյեկտներին` ՏՏ ոլորտի պրոդուկտ ստեղծող ընկերություններին, դրամաշնորհի տրամադրման գործընթացը կազմակերպելու համար:

Հիմնավորման համաձայն՝ միջոցառմանը վերաբաշխման միջոցով հատկացվել էր 888 մլն դրամ, որից հետո հատկացվել է ևս լրացուցիչ 217,9 մլն դրամ՝ հաշվի առնելով փաստացի հաղթողների թվաքանակը և տրամադրվող դրամաշնորհների չափը։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պատճառով, հաղթող կազմակերպությունների հետ պայմանագրեր չկնքվեցին և միջոցառման համար նախատեսված 1,1 մլրդ դրամը կառավարության համապատասխան որոշմամբ ամբողջությամբ կրճատվել և ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, մրցույթին մասնակցել է 330 ընկերություն, որից հաղթել է 64-ը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում որոշակի հնարավորություններ են ստեղծվել նախարարության բյուջեում վերաբաշխում իրականացնելու և միջոցառումն ավարտին հասցնելու համար: Ըստ նրա՝ ստարտափ ընկերությունները նախորդ տարվա ընթացքում 50 միլիոն դոլարից ավելի ներդրում են ներգրավել Հայաստան, ինչը լուրջ ցուցանիշ է: «ՏՏ ոլորտում նույնպես կայուն աճ է եղել. Ստեղծվել են 3400-ից ավելի աշխատատեղեր, 22 տոկոսով աճել է աշխատատեղերի թիվը, ինչը նշանակում է, որ աշխատավարձերի կտրուկ տատանումներ չեն եղել: Կարծում եմ՝ նաև կորոնավիրուսով է սա պայմանավորված: Այս պահին 18400 աշխատակիցներ կան ոլորտում, և 192 նոր ընկերություններ պետության կողմից հարկային արտոնագիր են ստացել»,– ասել է Հակոբ Արշակյանը:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ 2021 թվականը, նաև այս ծրագրի շնորհիվ, ՏՏ ոլորտի համար ավելի նպաստավոր կլինի, որովհետև այն մեր երկրի տնտեսության ամենահեռանկարային ճյուղերից մեկն է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth