Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը

Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը

Սպորտում չկան սահմանափակումներ․ այս կարգախոսով փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 26 մարզիկ-մարզուհի՝ հանրապետության մարզերից և Արցախից։ Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան։

Մրցումներն ընթացել են երկու խմբով՝ անվասայլակով և առանց դրա: Անվասայլակով մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արման Սարգսյանը, երկրորդը Էրիկ Սարգսյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սողոմոն Ներսիսյանը։ Տղամարդկանց՝ առանց անվասայլակի մրցումներում չեմպիոն է դարձել Գևորգ Բեգլարյանը, երկրորդը Տիգրան Պետրոսյանն է, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Արթուր Գալստյանը։ Աղջիկների պայքարում առաջին մրցանակակիրը Մելինե Ղազարյանն է, երկրորդը՝ Էլեն Սարգսյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Անահիտ Վարդանյանը։

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանի խոսքով՝ այս առաջնությունը հերթական առիթն էր ապացուցելու՝ անհնարին ոչինչ չկա, եթե մարդն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները․ «Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան բացահայտելու և ամբողջությամբ կիրառելու իրենց հմտությունները կյանքի տարբեր բնագավառներում՝ կրթությունից մինչև սպորտ։ Մեր ֆեդերացիայի գործունեությունը ծառայում է նաև այդ նպատակին։ Նախկինում մրցումները և մարզումները կազմակերպել ենք անհատ հովանավորների և կազմակերպությունների միջոցով, իսկ այս տարի առաջին անգամ ստացել ենք պետական աջակցություն, ինչը, բնականաբար, ուրախացնող և ոգևորող փաստ է։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ թենիսիստները տևական ժամանակ չէին մարզվել, ինչը բացասաբար է ազդել նրանց մարզավիճակի վրա։ Առաջիկա նպատակը մարզավիճակը վերականգնելը և աստիճանաբար նաև միջազգային մրցաշարերի ու Պարալիմպիկ խաղերին պատրաստվելն է»։

Առաջնության մասնակիցների թվից ֆեդերացիայի նախագահը դժգոհ չէ․ «Պետք է հաշվի առնել այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող անձանց մարզաշխարհ բերելը հեշտ աշխատանք չէ։ Ֆեդերացիան զբաղվում է մարզաձևի մասսայականացման և մարզերից մասնակիցների ներգրավման ուղղությամբ։ Կապի մեջ ենք մարզերի մարզադպրոցների, քաղաքապետարանների հետ, որպեսզի հետաքրքրվածներին տեղում մարզվելու հնարավորություն տանք։ Այս տարվա մեր գերակա նպատակներից է պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած և սեղանի թենիսով հետաքրքրված անձանց մարզումներին, ապա մրցաշարերին ներգրավելը։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս առաջնությանն արդեն ունեինք նման մասնակից»։

Հիշեցնենք, որ այս տարվա ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է՝ նախորդ տարվա շուրջ 29 միլիոն դրամի փոխարեն դառնալով շուրջ 104 միլիոն դրամ: Բացի դրանից՝ ավելացել է շահառուների թիվը, և այս տարի աջակցություն ստացող կազմակերպություններին միացել է նաև Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth