Նախարարն այցելել է ռազմական համալսարան

Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Կրթօջախի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է համալսարանի կառուցվածքը, զեկուցել ուսումնական ծրագրերի, կրթական բարեփոխումների ուղղությամբ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից արված աշխատանքների, առկա նյութատեխնիկական ու կենցաղային խնդիրների մասին և հանդես եկել կրթօջախի զարգացման առաջարկություններով ու նոր ծրագրերով։
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանգամանալից անդրադարձել է առաջարկված ծրագրերին։ Նախարարն առաջարկել է հղկել դրանք, լրամշակել ու կարճ ժամանակահատվածում ներկայացնել քննարկման։
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դեննի Փիթի ուղեկցությամբ /նստավայրը` ք.Թբիլիսի/:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանի անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքները և ակնկալվող զարգացումները:
Դեսպան Լաքոտն իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում և դրանց դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար: Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Անվտանգության օր 5-րդ զորամիավորումում
Փետրվարի 4-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է համալիր պարապմունք անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել է զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը։
4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում զեկույցներ են ներկայացրել զորամասի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը:
Քննարկվել են առկա խնդիրները, ստորաբաժանումների պատրաստվածության, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության հարցեր։
Խորհրդակցության ավարտին զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Պողոսյանը համապատասխան հրահանգներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։
Մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստում
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։
Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողերի պատրաստվածության աստիճանը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել են անձնակազմին մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti