Կարևոր պատմական փաստ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ. ՀՀ ՄԻՊ

Կարևոր պատմական փաստ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանի խորհրդայնացման օրերին՝ 1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի հեղկոմը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի միջեւ այլևս սահմանային խնդիր գոյություն չունի, Զանգեզուրն ու Նախիջեւանը անցնում են Հայաստանին, իսկ Ղարաբաղի լեռնային մասին տրվում է ինքնորոշման իրավունք:

«Դեկրետը դեկտեմբերի 2-ին հրապարակվել է Բաքվի «Կոմունիստ» թերթում: Ավելին, դրանից հետո Ադրբեջանի հեղկոմն ազդարարել է. «Այսօրվանից վերացված են հայտարարվում սահմանների մասին վեճերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարվում են ՀՍԽՀ մասեր»: Որոշում-դիմումը տպագրվել է Երեւանի «Կոմունիստ» թերթի 1920 թ. դեկտեմբերի 7-ի համարում:
Հետաքրքիր փաստ է նաև, որ ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոն 1921 թ. հունիսի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարությանը հանձնարարել է Հռչակագրով հայտարարել «Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին պատկանելու մասին»: Բյուրոյի որոշումն ընդունվել է միաձայն, կողմ արտահայտվողների թվում է եղել նաեւ Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն.Նարիմանովը:

Ի կատարումն Կովկասյան բյուրոյի որոշման՝ ՀՍԽՀ ժողկոմխորհը, կառավարության նախագահ Ա. Մյասնիկյանի ստորագրությամբ, 1921 թ. հունիսի 12-ին ընդունեց համապատասխան հայտարարություն. «Ադրբեջանի ՍԽՀ հեղկոմի հռչակագրի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ՍԽՀ-ների կառավարությունների միջեւ եղած համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմվանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մաս»,- հավելել է Թաթոյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth