Նախատեսվում է հաշմանդամության սահմանման մոդելից անցում կատարել ֆունկցիոնալության գնահատման մոդելի

Նախատեսվում է հաշմանդամության սահմանման մոդելից անցում կատարել ֆունկցիոնալության գնահատման մոդելի

Գործադիրը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Մասնավորապես, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը: Օրինագծով՝ հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած կոնվենցիայի պահանջներին: Օրենքի նախագծում սահմանված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր և տարեկան ծրագրերի վերաբերյալ դրույթներ: Սահմանվել են դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցման ապահովման վերաբերյալ: «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: Գնահատումը կիրականացվի մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ ձևավորված գնահատող հանձնաժողովի կողմից: Նախագծով նաև նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը: Նոր մոդելը կնպաստի օբյեկտիվ որոշումների կայացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա հասցեական ծառայությունների մատուցմանը:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, դրանք միտված են, մասնավորապես, երկու խնդիրների լուծմանը. «Առաջինը՝ օգնենք հաշմանդամություն ունեցող անձանց, որպեսզի նրանք վերագնահատեն իրենց հնարավորությունները հանրության կյանքին լիարժեք մասնակցելու՝ բոլորի հետ հավասար պայմաններով: Մյուս կողմից օգնենք, որպեսզի հանրությունը վերագնահատի հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը՝ նրանց ներգրավելու երկրի զարգացման գործում»:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth