Կառավարությունը հաստատել է Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը

Կառավարությունը հաստատել է Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից եվրոբոնդերի թողարկման գործընթացին և «Ճամփորդիր առանց COVID-19»-ի ծրագրի ընթացքին:

Գործադիրը հաստատել է Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի կողմից 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ՝ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում» և 10-րդ՝ «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում» կետերի ապահովման պահանջից:

Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ծրագրով սահմանվում են մինչև 2021 թվականի առաջին կիսամյակի ավարտը կառավարության հակաճգնաժամային արձագանքման առաջնահերթությունները, նպատակները և գործողությունների շրջանակը։ «Ակնհայտ է, որ անցած տարվա ընթացքում կորոնավիրուսի համավարակն ու Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը, բացի հանրային առողջության ու անվտանգության հետ կապված լրջագույն մարտահրավերներից, երկրի համար նշանակալի և բազմակի տնտեսական շոկի աղբյուր էին։ Արդեն հասանելի են պաշտոնական վիճակագրության օպերատիվ ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2020 թվականի տնտեսական անկումը գնահատվում է 7-8 տոկոսի շրջանակում։ Տնտեսական այլ հիմնական ցուցանիշներ նույնպես բացասական դինամիկա են դրսևորել։ Անցյալ տարի կառավարության տնտեսական մի շարք միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել որոշակիորեն զսպել էլ ավելի մեծ անկում ունենալու ռիսկը»,— ասել է Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը շեշտադրում է 3 հիմնական գերակայություն՝ տնտեսական ակտիվության վերականգնում, վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովում և միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգի ձևավորում։ «Ծրագրով նախատեսված են 12 նպատակային գործողություններ և 14 աջակցության ծրագրեր։ Նպատակային գործողությունների առանցքում են, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Այստեղ կարող եմ շատ կոնկրետ օրինակ բերել. դա արդյունաբերական կանեփն է, որի արտադրության դրական փորձ ունեն ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը։ Մենք նույնպես կարգավորումների առումով շատ արագ այս դաշտը ստեղծելու ենք: Դրանք են նաև քաղաքաշինական մի շարք ծրագրերի ուղղությամբ ջանքերի ակտիվացումը, օրինակ, Երևանի 33-րդ թաղամասի, Կոնդի զարգացման, Հին Երևանի և այլ նմանատիպ ծրագրերը: Նախատեսված են նաև պետական գույքի արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, ընտրված մի քանի պետական գույքի օտարման գործընթացի արագացված ապահովումը»,- ասել է փոխնախարարը։

Անդրադառնալով աջակցության ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ծրագրում ներառված են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման մի քանի միջոցառումներ. կշարունակվեն գյուղատնտեսական ոլորտի սուբսիդավորման ծրագրերը:

«Եվ մի խոշոր բլոկ էլ կազմում է նոր ծրագիրը, որը նախատեսում է աջակցել մեր կողմից որդեգրած քաղաքականությանն այն առումով, որ Թուրքիայից որոշակի տեսակի բեռներ այլևս հնարավոր չի լինելու ներմուծել։ Եվ մենք խրախուսելու ենք նմանատիպ արտադրանքի արտադրությունը Հայաստանում այս ծրագրերի միջոցով։ Սահմանվել է բարձր կատարողականի պահանջ կապիտալ ծրագրերի նկատմամբ՝ ներդնելով անհատական պատասխանատվություն և հստակ մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմ։ Առհասարակ անհատական պատասխանատվությունն ու այս մեխանիզմները ներդրվել են բոլոր ծրագրերի նկատմամբ»,- ասել է փոխնախարարը։

Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ ծրագրի ընդհանուր նպատակը լինելու է բյուջեով պլանավորված ՀՆԱ-ի կանխատեսումից 1 տոկոսային կետով հավելյալ աճն ունենալը։

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով արդյունաբերական կանեփի մշակմանը, նշել է, որ այն բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու։ «Շատ կարևոր է, որ ծրագիրը ճիշտ և մանրամասն լուսաբանվի, որպեսզի հանրությունն ամբողջական տեղեկատվություն ունենա, թե խոսքն ինչի մասին է։ Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է։ Եվ տվյալ դեպքում խոսքն արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը, իհարկե, ռիսկեր ունի։ Եվ այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան, որոնք արդեն փորձարկված են մի շարք երկրներում»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է արտադրական կանեփի աճեցման դրական փորձը ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Չինաստանում, և արդեն կա մշակված նախնական հայեցակարգ։ «Եվ կարգավորումների մոտավոր պատկերացումները նույնպես ունենք։ Խոսքը միայն արտադրական կանեփի մասին է, ինչն էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։ Բավական մեծ ծավալի հողեր, գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 40 տոկոսը, չեն օգտագործվում։ Խոսքը միայն կանեփի մասին չէ, կան այլ նմանատիպ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող։ Այս քաղաքականությունն անպայման համարձակ առաջ ենք մղելու»,— ասել է փոխվարչապետը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև պետական գույքերի մասնավորեցման ծրագրի իրականացումը. «Մենք ունենք ընթացակարգերը, առաջարկները բարելավելու և մեր առաջարկը ներդրողների համար առավել գրավիչ դարձնելու խնդիր: Դա նույնպես պետք է շատ հրատապ կերպով լուծել»: Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ գործադիրի ղեկավարն նշել է. «Կարևոր է արձանագրել, որ ինչքան էլ ուզենք, թե չուզենք հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում անվտանգային համատեքստում: Այստեղ էլ մենք պետք է կայացնեք որոշումներ, ներդրումային որոշակի ծրագրերն առավել կառավարելի և ընդունելի դարձնենք Հայաստանի և Հայաստանի հանրության համար: Հույս ունեմ, որ կհաջողվի այդ որոշումները կայացնել, այդ թվում Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակում: Ամեն դեպքում պետք է այս թեման քննարկվի և, ինչպես նախկինում ասել ենք, հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը՝ պետք է փորձենք գտնել լուծումներ»:

Վարչապետն ընդգծել է նաև գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրերն աուդիտի ենթարկելու կարևորությունը: «Ծրագրերի թերակատարման փաստը մեզ համար պետք է ազդակ լինի, որ բովանդակության մեջ պետք է անպայման ինչ-որ բան շտկել, որպեսզի մեր նախանշած պլանները լիարժեք իրագործվեն և իրականացվեն: Այս մասին երեկ խոսել ենք, և դա նույնպես շատ կարևոր ուղղություն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth