Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ
Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում:
«Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6 մլն 300․000 թուրքական լիրա: Բացի դրանից, Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները»,- ասել է նա և ընդգծել, որ պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության և կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել:
Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ Անթալիայում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարին ունեցած ելույթին, որի ընթացքում վերջինս Հայաստանին «խորհուրդ է տվել դաս քաղել»:
«Ինչ վերաբերում է «պատմությունից դասեր քաղելու խորհուրդներին», ապա որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին»:
Նա շեշտել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti