Զինամթերքի վնասազերծման 35 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի վնասազերծման 35 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Հունվարի 24-31-ը ժամանակահատվածում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 1070 կանչ: Նախորդ շաբաթվա համեմատ, կանչերի թիվն ավելացել է 175-ով: Փոխարենը նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարներն ու հրդեհները;, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արցախում տեղացած առատ ձյան պատճառով գրանցված երեք ՃՏՊ-ների հետեւանքով տուժել է 1 քաղաքացի: Փրկարարները բարեհաջող դուրս են բերել 15 մ խորությամբ ձորն ընկած մեքենայի միջի տուժածին, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը տուժածին ցուցաբերել է առաջին օգնություն:

Գրանցվել է 7 հրդեհ, որոնցից մեկը՝ բնակելի շինությունում, մյուսները՝ սոցիալ-կենցաղային նշանակության շինություններում եւ բաց տարածքում: Տուժածներ չկան։

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Ծառայությունը վերջին 7 օրվա ընթացքում տարբեր տեսակի ռազմամթերքի հայտնաբերման վերաբերյալ 35 կանչ է ստացել: Փրկարար ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «Halo Trust» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության սակրավորական ջոկատները շարունակում են ականազերծել Արցախի տարածքը։

Նշված ժամանակահատվածում գրանցված կենցաղային կանչերը 25-ն են: Հերթապահ օպերատիվ խմբերը, բնակչությանն օգնելուց զատ (դռան կամ վերելակի բացում, հիվանդի տեղափոխում, ջրամատակարարում եւ այլ տեխնիկական օգնություն), տրամադրել են նաեւ խորհրդատվություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից ծառայության ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում շարունակում են իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 31-ի տվյալներով՝ արդեն հայտնաբերվել է 1345 աճյուն:

Արցախի hանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներառվել է մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: Ներքին գործերի նախարար է նշանակվել փ/ծ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, փ/ծ գնդապետ Մեխակ Արզումանյանը նշակվել է ԱԻ պետական ծառայության տնօրեն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth