Մեկնարկել է Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնությունը

Մեկնարկել է Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնությունը

Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է մարզաձևի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 100 մարզիկ՝ Երևանից, Գյումրուց և Վանաձորից:

Առաջնության բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Մրցումային առաջին օրվա եզրափակիչ ելույթներից առաջ նախարարի տեղակալը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով: Շնորհավորելով հոբելյարին՝ նախարարի տեղակալը մաղթել է արգասաբեր և երկարատև աշխատանք: Նշենք, որ ֆեդերացիայի նախագահը պարգևատրվել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շղթայով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, դիմելով երիտասարդ մարզիկներին, մաղթել է դիտարժան և արդար մրցակցություն. «Սուսերամարտն ամենագեղեցիկ և մրցակցային մարզաձևերից է: Դուք պետք է հպարտանաք, որ այս մարզաձևի ներկայացուցիչ եք: Բոլորիդ մաղթում եմ դիտարժան մրցակցություն: Հույս ունեմ՝ ձեր ելույթները կվերածվեն մարզական տոնի: Թող հաղթեն ուժեղագույնները»:

Նշենք, որ այսօր կայացել են մրցումներ տղաների խոցասուսեր և աղջիկների ճկասուսեր մրցաձևերից: Տղաների պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Աշոտ Խալաթյանը, երկրորդ մրցանակակիր է դարձել Գրիգոր Մնացականյանը, իսկ երրորդ մրցանակին արժանացել են Գագիկ Դավթյանը և Հովհաննես Մուրադյանը: Աղջիկների պայքարում առաջին մրցանակին արժանացել է Աիդա Ալոյանը, երկրորդ մրցանակակիրն Անի Սիմոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել են Ինեսա Հովհաննիսյանը և Միլենա Եսայանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth