Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, և 13-րդ կետերով, և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,-ասել է Խաչատրյանն ու հավելել, որ նախաքննությունը շարունակվում է: Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է: Այս պահի դրությամբ դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:

ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանում է՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որն առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել:

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը տեղեկացրել է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

«Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,-նշել է նա:

Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում։ Նա հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth