Բանակի օրվա կապակցությամբ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք

Բանակի օրվա կապակցությամբ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Սրբազան արարողությանը ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներ:

Հոգևոր դասը և արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու առաջընթացի և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:

Ամենայն Հայոց Հայրապետը նաև մասնավոր աղոթք է վերառաքել առ Երկնավորը արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված քաջարի զինվորականների հոգու խաղաղության և հանգստության համար։

Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգևաբաշխություն: Ի գնահատություն արցախյան պատերազմում ցուցաբերած խիզախության՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի խումբ զինվորականների։

Ընդունելության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Արցախի Հանրապետությունում ծավալած պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցելու համար մի շարք եկեղեցականներ արժանացել են նախարարության պարգևների:

Խաղաղապահները նշել են Բանակի կազմավորման 29-րդ տարեդարձը

Հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանի և դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ, կազմակերպել է հանդիսավոր միջոցառում:

Զորախմբի հրամանատարն իր խոսքում շեշտել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում արտերկրում իրականացվող առաքելության ընթացքում հայկական բանակի վարկանիշը բարձր պահելու անհրաժեշտությունը, շեշտել արցախյան պատերազմում զոհված զինակիցների գործը պատվով շարունակելու կարևորությունը:

Բանակի օրը զորամիավորումներում

Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումների և ենթակա զորամասերի զինծառայողները «Եռաբլուր» զինվորական և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին, կատարել մոմավառություն զորամասերի մշտական տեղակայման վայրերի մերձակա եկեղեցիներում, մատուռներում և Հայրենիքի համար զոհված զինծառայողներին նվիրված հուշակոթողների մոտ։

Պարգևատրման արարողություն 5-րդ զորամիավորումում

Բանակի օրվա առիթով 5-րդ զորամիավորումում տեղի է ունեցել առավել բարձր մարտունակություն ցուցաբերած սպաների և զինվորների պարգևատրման արարողություն։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին ցուցաբերած արիության և նվիրումի համար։

Արարողությանը մասնակցել է նաև ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, ով ընդգծել է բանակի դերն ու նշանակությունը ՀՀ պետականության ամրապնդման գործում և հորդորել զինծառայողներին պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth