Գյումրիում, Ախուրյանում և Ամասիայում կամավոր զինամթերք են հանձնել

Գյումրիում, Ախուրյանում և Ամասիայում կամավոր զինամթերք են հանձնել

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիում բնակվող մի կին բաժին էր բերել առանց գործարանային համարի գնդացիր, ինքնաձիգի պահունակ ու 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ ամուսնուն։ Դարձյալ Մուշի ոստիկանների և ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիի մեկ այլ բնակիչ կամավոր հանձնել է տարբեր տեսակի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Ախուրյանի և Ամասիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Մարմաշեն գյուղի մի բնակիչ Ախուրյանի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ։ 35-ամյա մի տղամարդ էլ Ամասիայի բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու 5,45 մմ տրամաչափի 60-ից ավելի փամփուշտ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վանաձորի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռադիոկապի միջոցներ։ Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի 15 փամփուշտ ոստիկանության Թումանյանի բաժնում կամավոր հանձնել է Մեծ Այրում գյուղի մի բնակիչ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի և Դիլիջանի բաժիններում։ Մարզի բնակիչները կամավոր հանձնել են ինքնաշեն ատրճանակ, տարբեր տիպի հրացաններ, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով նռնակ, տարբեր հրազենների ու տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի և Վաղարշապատի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերի կամավոր հանձնման դեպքեր։ Ակնալիճում բնակվող մի տղամարդ Մեծամորի բաժին էր բերել հանգուցյալ եղբոր երկփողանի հրացանը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Փարաքարում բնակվող մի կին էլ Վաղարշապատի բաժին էր տարել հանգուցյալ ամուսնու ականանետի ականները, նռնակը, նռնակի պայթուցիչներն ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ, որոնք գտել էր խորդանոցում։ Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ բաժնում կամավոր հանձնել են հրացան, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով՝ «Ֆ-1» տիպի նռնակ, պայթուցիչներ ու տարբեր հրազենների և տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Ինքնաձիգի 97 փամփուշտ ոստիկանության Թալինի բաժնում կամավոր հանձնել է Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող մի տղամարդ։ Շենգավիթի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում 50-ամյա մի կին բաժին էր բերել հանգուցյալ եղբոր ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակները, նռնակի պայթուցիչն ու տարբեր տրամաչափի 220-ից ավելի փամփուշտը։

ՀՀ ոստիկանությունից հիշեցնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Նշվում է, որ այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth