Դեկտեմբերի արտակարգ դեպքերը

Դեկտեմբերի արտակարգ դեպքերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2020 թվականի դեկտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը, նշված է ՀՀ ԱԻՆ պաշտոնաթերթում:

ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները դեկտեմբեր ամսին իրականացրել են 1509 ելք՝ 338-ով պակաս, քան 2019 թվականի դեկտեմբերին: 559 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 552՝ կենցաղային կանչ, 120՝ կեղծ ահազանգ, 238՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից ու պատահարներիզ զոհվել է 694 մարդ (այդ թվում՝ 8 կին, 4 երեխա), տուժել` 24062 մարդ (այդ թվում՝ 269 կին եւ 168 երեխա): Փրկարարները 12 մարդու կյանք են փրկել: 2019 թվականի մարտից հանրապետությունում բռնկված նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, 2020 թվականի դեկտեմբերին, 2019 թվականի դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է եւ՛ զոհերի, եւ՛ տուժածների թվաքանակի կտրուկ աճ՝ համապատասխանաբար 656-ով (18,3 անգամ) եւ 22882-ով (20,4 անգամ): Ինչպես եւ դրտարկվող նախորդ ժամանակահատվածներում, արտակարգ դեպքերի զգալի մասը` 93,8 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 394 ահազանգ (2019 թվականի դեկտեմբերին՝ 588 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 236 դեպքում (2019 թվականի դեկտեմբերին՝ 422 դեպք): Դեկտեմբերին հրդեհների առավելագույն քանակը գրանցվել է առանձնատներում եւ տնամերձ կառույցներում՝ 59 դեպք: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել. աղբ՝ 43 դեպք, տրանսպորտային միջոց՝ 40, բնակելի շենք՝ 33, տնակ, ավտոտնակ՝ 13 եւ այլն: 81 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը կամ ծխապատ գոտին, իսկ մեկ դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: 2020 թվականի դեկտեմբերին գրանցվել է հրդեհի 76 կեղծ ահազանգ:

Դեկտեմբերի հրդեհների 77,1 տոկոսը՝ 182 դեպք, գրանցվել է քաղաքներում, իսկ 22,9 տոկոսը՝ 54 դեպք` գյուղերում: Նախորդ տարվա դեկտեմբերի ամսվա համեմատությամբ քաղաքային հրդեհների քանակը նվազել է 103-ով , գյուղական հրդեհներինը՝ 83-ով:

Մայրաքաղաքում գրանցվել է 119 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը՝ 21, ամենաքիչը՝ Վայոց ձորն ու Գեղարքունիքը՝ վեցական հրդեհ: Ըստ համայնքների. ամենաշատ հրդեհ գրանցվել է Լոռվա եւ Կոտայքի քաղաքներում՝ 12-ական եւ Արարատի գյուղերում՝ 10 հրդեհ: Ամենաքիչ հրդեհ գրանցվել է Արագածոտնի քաղաքներում եւ Սյունիքի գյուղերում՝ մեկական դեպք:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2020 թվականի դեկտեմբերին փրկարարները ՃՏՊ-ների վերաբերյալ 456 ահազանգ են ստացել՝ 22-ով պակաս քան 2019-ի դեկտեմբերին: ՃՏՊ-ներից զոհվել է 51, տուժել՝ 660 մարդ: 2019 թվականի դեկտեմբերի համեմատ զոհերի եւ տուժածների թվաքանակն աճել է համապատասխանաբար՝ 23-ով եւ 6-ով:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 200 թունավորում, զոհվել է 4, տուժել՝ 258 մարդ: 2019 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել են թունավորումների դեպքերը, դրանցից զոհվածների, տուժածների թվաքանակները՝ համապատասխանաբար 217-ով, 6-ով, 247-ով: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 50 դեպք, քիմիական նյութեր՝ 45 դեպք, շմոլ գազ՝ 34, դեղորայք՝ 29, բնական գազ՝ 22, սննդամթերք՝ 7 եւ այլն:

Երեւանում գրանցվել է 98 թունավորում: Մարզերից ամենաշատը տուժել է Արմավիրը՝ 29, ամենաքիչը Սյունիքը՝ մեկ թունավորում:

Կորոնավիրուս

2020 թվականի մարտից հանրապետությունում բռնկված նոր կորոնավիրուսի համաճարակից դեկտեմբեր ամսին զոհվել է 635, տուժել՝ 23 136 մարդ:

Այլ դեպքեր

2020 թվականի դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 7 մերկասառույց, 6 փլուզում, 2 քարաթափում, մեկական պայթյուն, դարափուլ (փլվածք, նստվածք), անասնահամաճարակ եւ այլն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth