Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող ՀԷԿ-երի լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող ՀԷԿ-երի լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել

Արցախում ուժը կորցրած են ճանաչվել ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող մի շարք հիդրոէլեկտրակայանների արտադրության լիցենզիաները: Այս մասին հաղորդում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից:

«Հանձնաժողովի՝ հունվարի 29-ին կայացած նիստում,   որոշվել է ուժը կորցրած ճանաչել՝ «ՋԵՆԵՐԱԼ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության «ՉԱՐՀԷԿ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Քարվաճառ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «ԼԵՎ-1» ՓՀԷԿ-ի, «Զանգեզուր ԷԶՇ» ՍՊ ընկերության «Զանգեզուր» ՓՀԷԿ-ի, «ՄՌԱՎ» ՍՊ ընկերության «Մռավ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-1» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-2» ՓՀԷԿ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը: Միաժամանակ, ընկերությունները ազատվել են բանկի երաշխիքային պարտավորությունից»,- մանրամասնում են հանձնաժողովից:

Նիստի օրակարգում քննարկվել է նաև  «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում ուսումնասիրություն իրականացնելու հարցը:

«Հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկաներում, ինչպես նաև տնտեսության այն ոլորտներում, որոնցում առկա են բարձր կենտրոնացվածություն և մրցակցության սահմանափակման հնարավոր ռիսկեր: Անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ուսումնասիրություն՝  հնարավոր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների շրջանում,  օրենքի հնարավոր խախտման հատկանիշները պարզելու նպատակով»,-հայտնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից՝ հավելելով, որ առաջարկություն է ներկայացվել  է ուսումնասիրություն իրականացնել նաև ծաղիկների շրջանառության ոլորտում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth