Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Հունվարի 22-24-ը Ծաղկաձորում կայացել է Հայաստանի ձյան վոլեյբոլի առաջնությունը, որն ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցել են կանանց 10 և տղամարդկանց 12 թիմեր:

Տղամարդկանց մրցաշարում մրցանակային տեղերը զբաղեցրել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական ակումբի թիմերը. եզրափակչում ՖԻՄԱ-1-ը 2:0 հաշվով հաղթել է ՖԻՄԱ-3-ին, իսկ երրորդ տեղի համար խաղում ՖԻՄԱ-2-ը կրկին 2:0 հաշվով առավելության է հասել ՀՊՏՀ-ի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) թիմի նկատմամբ:

Կանանց մրցաշարում առաջին տեղը գրավել է «Վան-1»-ը, որը եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթել է «Ավան-1»-ին: Երրորդ մրցանակակիր է դարձել «Վան-2» թիմը, որը մեդալային խաղում նույն 2:0 հաշվով առավելության է հասել «Վբեթ-2»-ի նկատմամբ:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մրցանակակիր թիմերին պարգևատրել է գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և նվերներով:

Նշենք, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ այս տարի արդեն անցկացրել է ձյան վոլեյբոլի առաջնությունը: Փետրվարին նմանօրինակ առաջնություն անցկացնելու մտադրության մասին հայտնել է Ռումինիան:

Հավելենք նաև, որ փետրվարին Ծաղկաձորում անցկացվելու է Հայաստանի վոլեյբոլի 15 տարեկանների առաջնությունը, որը նոյեմբերին Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության առաջին փուլի նախապատրաստության մի մասն է լինելու:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth