Տարվա ամփոփում. Շիրակի փրկարարները ստացել են նոր հրշեջ-մեքենաներ, հրդեհաշիջման գործիքներ եւ պարագաներ

Տարվա ամփոփում. Շիրակի փրկարարները ստացել են նոր հրշեջ-մեքենաներ, հրդեհաշիջման գործիքներ եւ պարագաներ

2020 թվականին Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ճգնաժամային ահազանգման կենտրոնը ստացել է 82619 զանգ (2019 թվականին․՝ 76671 զանգ)։ Գրանցվել է 227 hրդեհ (2019 թվականին՝ 373), նշված է ՀՀ ԱԻՆ պաշտոնաթերթում:

Վարչության մշտական հսկողության տակ են եղել մարզում գործող 2 քիմիական վտանգավոր օբյեկտը, դրանցում իրականացվող անվտանգության միջոցառումները։ Ապահովվել է մի շարք մարզական միջոցառումների անվտանգությունը։

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ամբողջ տարին իրականացվել են ախտահանման աշխատանքներ։ Արթիկի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի եւ Աշոցքի նախկին տարածաշրջաններում ոստիկանության ծառայողներից ստեղծված շրջիկ խմբերում ներգրավվել են նաեւ փրկարար ծառայողներ եւ հետեւել բնակչության տեղաշարժին։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տրամադրած սննդի եւ հիգիենայի փաթեթները`90 հատ, որպես հումանիտար օգնություն բաշխվել են Ամասիա համայնքի 8 բնակավայրերում ապրող 90 միայնակ ծերերի: «Գիտակից երիտասարդներ-անվտանգ ապագա» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Սարապատ եւ Աշոցք համայնքներում ստեղծվել է 2 փորձագիտական եւ արագ արձագանքման թիմ՝ համայնքներում նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման, արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում համապատասխան միջոցառումների իրականացման նպատակով։ Թիմերի հետ աշխատանք է տարել Աշոցքի թիվ 52 ՀՓՋ-ի հրամանատարը։

Ռազմական դրության հայտարարումից հետո Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ու ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Բոլոր բնակելի եւ վարչական շենքերի մուտքերում ամրացվել են ուղեցույցներ՝ բնակչության պատսպարման վայրի եւ օդային տագնապի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնների մասին նշումներով, ուսումնասիրվել են նկուղներն ու թաքստոցները, հավաքագրվել են տվյալներ Շիրակի մարզ ժամանած արցախցի ընտանիքների մասին։

Թարմացվել են տվյալները մարզի կազմակերպություններում առկա քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, դրանց անձնակազմի թվաքանակի եւ հագեցվածության, ապաստարանների եւ հակաճառագայթային թաքստոցների վերաբերյալ։

Համայնքների ղեկավարության հետ համատեղ կազմակերպվել եւ անցկացվել են բնակչության ազդարարման, պատսպարման, տարհանման միջոցառումներ: «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել 5 հաստատությունում։ 7 բարձրագույն ուսումնական հաստատությունում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ:

Տասնյակ փրկարար ծառայողներ վերապատրաստվել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում՝ «Տակելաժային աշխատանքների կառավարում», «Տեխնիկական որոնում, «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում», «Բարձրությունների վրա փրկրարական աշխատանքների կազմակերպում» եւ այլ թեմաներով։

ԱԻ նախարարի հրամանով՝ Շիրակի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներին հատկացվել է 7 նոր «Իսուզու» հրշեջ-մեքենաներ, 4 ՀՓՋ-երի տրամադրվել են հրդեհաշիջման գործիքներ եւ պարագաներ, Ամասիայի ջոկատը համալրվել է «ԿՈՒՆԳ» մակնիշի մեքենայով։

2020 թվականի սեպտեմբերից մեկնարկել են Գյումրու եւ Ախուրյանի ՀՓՋ-ների նոր շենքերի կառուցման աշխատանքները:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth