Դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոց են գողացել

Դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոց են գողացել

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ դեպքն անցյալ ամիս է կատարվել՝ Աջափնյակ վարչական շրջանում։ Նշվում է, որ ամանորի գիշերը որոշել են դպրոցականներին անակնկալ մատուցել՝ տհաճ անակնկալ, որը ո՛չ դպրոցի և ո՛չ էլ աշակերտների օգտին չէր:

«Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են թիվ 22 դպրոցի դռան փականը և, օգտվելով այն հանգամանքից, որ դպրոցի մի մասում նորոգման աշխատանքներ են ընթանում, ըստ նախնական տվյալների՝ երեք լվացարան և 2 հազար 140 ջեռուցման մարտկոց են գողացել՝ պատճառելով մոտ 13 միլիոն 500 հազար դրամի նյութական վնաս։ Կատարվածի վերաբերյալ հունվարի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին։ Դպրոց մեկնած իրավապահները ուսումնասիրել են դեպքի վայրը` պարզելու, թե որտեղից և ինչ հանգամանքներում է կատարվել գողությունը: Դեպքի վայրի զննությունը ցույց է տվել, որ մարտկոցների մի մասը դեռ տեղադրված չեն եղել: Այդ քայլին գնացողը հավանաբար տեղյակ է եղել, որ դպրոցում ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում, նաև՝ թե մարտկոցները որտեղ են պահեստավորված։ Չէր բացառվում` ներսի մարդ լիներ։ Վարկած, որը բացահայտման բանալին էր դառնալու։

Քրեական հետախույզները դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզել են, որ գողությունը կատարել է դպրոցում շինարարական աշխատանք կատարող մի բանվոր՝ կաթսայատան աշխատողի հետ, որոնցից մեկը՝ Գյումրիի, մյուսը Քասախ գյուղի բնակիչ էր։

Իրավապահները հունվարի 9-ին դպրոցի կաթսայատան աշխատակցին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Հետագա միջոցառումներով, համագործակցելով ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, հունվարի 20-ին Գյումրիից Երևան բերման է ենթակվել նաև մյուս կասկածյալը, որի «Օպել» մակնիշի մեքենայով էլ տեղափոխել էին ջեռուցման մարտկոցները։

Բացի այդ, Քասախ գյուղի 35-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Ըստ նրա՝ բուսական զանգվածը թմրանյութ է՝ իր օգտագործման համար: Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth