Տարվա ամփոփում. Լոռու մարզում հիմնովին վերանորոգվել է 3 հրշեջ-փրկարարական ջոկատ

Տարվա ամփոփում. Լոռու մարզում հիմնովին վերանորոգվել է 3 հրշեջ-փրկարարական ջոկատ

2020 թվականին Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1176 արտակարգ դեպք-պատահար (2019 թվականին՝ 1425), որոնց հետեւանքով զոհվել է 34, մարմնական վնասվածքներ ստացել 869 մարդ, նշված է ՀՀ ԱԻՆ պաշտոնաթերթում:

Տեխնածին 674 դեպքերից 423-ը եղել է հրդեհ (2019 թվականին՝ 626)։ Ուշադրության կենտրոնում է եղել մարզում առկա հիդրանտների հարցը։ Հրշեջ հիդրանտներ չեն բավարարում Թումանյանի, Գուգարքի, Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջաններում, որտեղ հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների ջանքերով տեղադրվել է 15 ջրածորակ։ Աշխատանքները կշարունակվեն նաեւ 2021 թվականին:

Անցկացվել է 10 շտաբային, 1 ցուցադրական եւ 1 հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Դեկտեմբերին Սարահարթ համայնքում եւ Պրիվոլնոյե բնակավայրում անցկացվել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով գործնական միջոցառումներ։ Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում 8109 անգամ ախտահանվել են հանրային օբյեկտները:

Ռազմական դրության ժամանակ ուսումնասիրվել են մարզի ապաստարաններն ու թաքստոցները։ 28 հակաճառագայթային թաքստոցից 22-ում իրականացվել են մաքրման աշխատանքներ եւ բերվել պատրաստ վիճակի։ Տվյալներ են հավաքվել 1526 բազմաբնակարան շենքերի նկուղների վիճակի մասին։ 47 հանրակրթական դպրոցի ուսուցչական կազմի հետ անցկացվել է մեթոդական պարապմունք՝ «Օդային տագնապի» ազդանշանի կանոնների եւ պատսպարման կազմակերպման վերաբերյալ։ Արցախյան պատերազմի ընթացքում մարզում կազմակերպվել է թղթե թափոնների հավաքում եւ ամբողջ հասույթը՝ 2 700 000 դրամ, փոխանցվել «Հայաստան» համայկական եւ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամներին: 15 փրկարար ծառայող կամավորագրվել է եւ մեկնել Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու։

2020 թվականին վարչության ենթակա ստորաբաժանումները համալրվել են ճապոնական 9 «Իսուզու» մակնիշի ավտոբաքով։ Ամբողջությամբ վերանորոգվել են Տաշիրի, Գուգարքի եւ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները: 2020 թվականի ընթացքում մարզում առաջացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է շուտափույթ իրականացնել պաշտպանական կառույցների պատրաստի վիճակի բերելու գործընթաց՝ (մաքրում, լուսավորության ապահովում, ռեզերվային ապահովում), համալրել ազդարարման շչակները, ստեղծել մարզային հանձնաժողով, որը կկանոնակարգի բնակչությանն առկա պաշտպանական կառույցների կցագրման հարցերը եւ այլն։

wp-apeth