19-ամյա երիտասարդի սպանություն Աշտարակում. բացահայտման մանրամասները

19-ամյա երիտասարդի սպանություն Աշտարակում. բացահայտման մանրամասները

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնում են, որ հունվարի 21-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել. մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 19-ամյա երիտասարդ, որը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ էր։

«Նրան դանակահարել էին։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հիվանդանոցից մեկնեցին Աշտարակի Միկոյան եղբայրների փողոց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի էր դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Միկոյան եղբայրների փողոցի թիվ 33 հասցեի հարակից տարածքում։

Բացահայտման միջոցառումներին միացան Արագածոտնի մարզային վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի և Աշտարակի արհեստագործական ուսումնարանում սովորող մեկ այլ երիտասարդի միջև դեպքից առաջ վեճ էր ծագել, որը շարունակվել էր։ Պարզաբանումներին միացել էին  Օշական գյուղից երկու երիտասարդ։ Նրանցից մեկն էլ  դանակով հարվածել էր 19-ամյա երիտասարդի կրծքավանդակին ու որովայնին։ Երիտասարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Հենց դեպքի օրը, ժամը 23-ի սահմաններում, Աշտարակի քրեական հետախույզները ճշգրիտ միջոցառումների արդյունքում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին բաժին։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth