Հայտնի են դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին փուլի մրցանակակիրները

Հայտնի են դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին փուլի մրցանակակիրները

Հունվարի 17-18-ը Աշոցքում կայացել է դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին փուլը, որն ընդգրկված է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցանկում: Մեդալներ են խաղարկվել դասական և ազատ ոճերի տղամարդկանց 10 և կանանց 5 կմ մրցատարածություններում: Երկու մրցաձևերում էլ մեդալակիր են դարձել նույն մարզիկները:

5 կմ դասական ոճ, կանայք

  1. Գալստյան Կատյա (19:11.1)
  2. Մուրադյան Անգելինա (23:30.4)
  3. Խաչատրյան Նելլի (23:55.2)

5 կմ ազատ ոճ, կանայք

  1. Գալստյան Կատյա (18:16.2)
  2. Մուրադյան Անգելինա (21:39.8)
  3. Խաչատրյան Նելլի (23:09.9)

10 կմ դասական ոճ, տղամարդիկ

  1. Միքայելյան Միքայել (40:01.1)
  2. Պողոսյան Թադևոս (40:42.8)
  3. Ոսկանյան Սպարտակ (43:59.9)

10 կմ ազատ ոճ, տղամարդիկ

  1. Միքայելյան Միքայել (38:29.9)
  2. Պողոսյան Թադևոս (39:16.0)
  3. Ոսկանյան Սպարտակ (42:05.9)

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքով՝ առաջնության գլխավոր դժվարությունը եղել է ձյան սակավությունը, իսկ մարզիկների արդյունքները հնարավոր կլինի գնահատել երկրորդ փուլից հետո:

«Հայաստանի առաջնությունը փուլերով անցկացնելով՝ մարզիկներին շատ մեկնարկներ ունենալու, իսկ մարզիչներին՝ մարզիկներին հետևելու և փուլ առ փուլ համապատասխան շտկումներ կատարելու հնարավորություն ենք տալիս»,- ասել է Գ. Սարգսյանը և հավելել՝ հաջորդ տարի նախատեսում են ավելացնել առաջնության փուլերը և մրցաձևերը, իսկ աշխարհագրությունը՝ ընդլայնել:

Հավելենք, որ մրցանակակիրներից Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանն ու Կատյա Գալստյանը հունվարի 29-31 շվեդական Ֆալուն քաղաքում մասնակցելու են Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, իսկ Հայաստանի առաջնության երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել փետրվարի 12-14-ը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth