Զինամթերքի հայտնաբերման 77 դեպք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի հայտնաբերման 77 դեպք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է 1289 զանգ:

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման եւ ոչնչացման վերաբերյալ 77 կանչ է ստացվել: Արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության սակրավորները շարունակում են ականազերծել Արցախի բնակավայրերը, լեռնաանտառային ու հարթավայրային գոտիները։

Արձանագրվել է հրդեհի 16 դեպք։ Պատճառը տաք եղանակն ու բաց տարածքում չոր խոտածածկի բռնկումն է։ Տուժածներ չկան։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել է մեկ հոգի։ ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը վերջինիս ցուցաբերել է առաջին օգնություն եւ տեղափոխել բուժհաստատություն:

Կենցաղային բնույթի կանչերը 31-ն էին։ Տրվել է ինչպես հեռախոսային խորհրդատվություն, այնպես էլ համապատասխան աջակցություն Արցախի բնակիչներին։

Շարունակվել են պատերազմի հետեւանքով զոհվածների որոնողափրկարարական աշխատանքները։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 17-ը հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth