Ռազմագերիների անհապաղ վերադարձն՝ առաջնահերթություն
Հունվարի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարար Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռքբերված հրադադարի պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս համատեքստում նախարար Այվազյանը որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անվտանգ և անհապաղ վերադարձը:
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարևորեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Հեռախոսազրույցի ընթացքում արծարծվեցին հայ-ֆիննական օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց քաղաքական երկխոսությանը նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով:
Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցությանը:
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ
Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Երկուստեք կարևորեց ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարը, որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների անվերապահ իրականացումը:
Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր փոխանակեցին հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնման և քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված քայլերի շուրջ:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti