Շիրակում կկազմակերպվեն սողանքային տեղամասերի մասնագիտացված հետազոտություններ

Շիրակում կկազմակերպվեն սողանքային տեղամասերի մասնագիտացված հետազոտություններ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի հրամանով հաստատվել են փ/ծ Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2021 թվականի աշխատանքային պլանները, հայտնում է ԱԻՆ պաշտոնաթերթը:

Ինչպես եւ անցած տարիներին, այս տարի էլ փրկարարները կաշխատեն մի շարք ուղղություններով՝ հատուկ տակտիկական, ցուցադրական, շտաբային, հրամանատարաշտաբային վարժանքներ, արտակարգ իրավիճակների կանխարգելում եւ հետեւանքների վերացում, քաղաքացիական պաշտպանության, թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման միջոցառումներ, կառավարման, կապի եւ ազդարարման համակարգերի եւ համակարգչային ծրագրերի ներդրում եւ կատարելագործում, Փրկարարական ուժերի պատրաստության բարձրացում եւ այլն:

Երեւանում եւ բոլոր մարզերում կանցկացվի «Կարճ հաղորդագրություններով պաշտոնատար անձանց իրազեկում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մայրաքաղաքում եւ մի շարք մարզերում՝ Արագածոտն, Սյունիք, Կոտայք եւ այլն, փրկարարները կմասնակցեն քիմիապես վտանգավոր օբյեկտների եւ հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը, Հայաստանում առկա պոչամբարների ռիսկերի գնահատմանը, քիմիական թափոնների անվտանգ կառավարման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը: Այլ մարզերում՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք եւ այլն, փրկարարները կմշակեն բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքներն ու բնակչության գույքը գետերի ջրերի վարարումների եւ սելավների ռիսկերից պաշտպանելու առաջարկություններ: Փաթեթը կներկայացվի շրջակա միջավայրի նախարարություն: Շիրակում, Արարատում, Տավուշում, այլ մարզերում կկազմակերպվեն սողանքային տեղամասերի մասնագիտացված հետազոտություններ:

Երեւանում եւ տարբեր մարզերում կկազմակերվեն «Ավտոճանապարհին առաջացած մերկասառույցի հետեւանքների վերացման միջոցառումներ», «Ավտոճանապարհին առաջացած քարաթափման հետեւանքների վերացում», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում», «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը», «Հայկական ատոմայականի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Փրկարարական եւ անհետաձգելի վերականգնողական աշխատանքների իրականացումը Հեր-Հերի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում», «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը խոշոր անտառային հրդեհների դեպքում», «Հակառակորդի հարձակման դեպքում բնակավայրի ինքնաբավ կենսաապահովումն ու ինքնապաշտպանությունը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Հ.Գ. 2020 թվականի դեկտեմբերից փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն կազմակերպում են ուսումնավարժական պարապմունքներ՝ ազգաբնակչության ներգրավմամբ: 

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth