Անչափահասներին թմրանյութ իրացնողը հայտնաբերվել է

Անչափահասներին թմրանյութ իրացնողը հայտնաբերվել է

Հունվարի 8-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Թեև այն, ինչ արձանագրել են ոստիկանները դժվար է հերթական անվանել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Նշվում է, որ Ժամը 17.30-ի սահմաններում անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, «Հունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են ներկայացրել Գավառ քաղաքում բնակվող երկու անչափահասի։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված է եղել և այրվածքի հետքերով պլաստմասե տարա։

Ավելի ուշ պարզվել է՝ անչափահասներից մեկին կանեփանման զանգվածն իրացրել էր Գավառ քաղաքի Անդրանիկի փողոցի 22-ամյա մի բնակիչ։

Կասկածվողը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։ Ժամեր անց նա իրենց տանը կից ցախանոցից իրավապահներին ներկայացրել է կանեփանման չորացված-մանրացված զանգված՝ հայտնելով, որ թմրամիջոցը պատրաստել է իրենց հողամասում աճեցրած կանեփի թփերից։ Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth