Համահայաստանյան գործադուլ և դասադուլ. տեսանյութ

Համահայաստանյան գործադուլ և դասադուլ. տեսանյութ

Հայրենիքի փրկության շարժումն այսօր՝ դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր։ Երևանի տարբեր վայրերից՝ տարբեր խմբեր երթերով շարժվել են դեպի Հանրապետութան հրապարակ, որտեղ մեկնարկել է անհնազանդության հիմնական ակցիան: Նշվում է, որ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները կշրջափակեն Կառավարության շենքը։

«Հայրենիքի փրկության շարժման» տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանում հայտարարված համապետական գործադուլին և դասադուլին, անհնազանդության ակցիաներին ժամ առ ժամ նոր մասնակիցներ են միանում։ Այդ շարքերը համալրել և համալրում են տասնյակ կազմակերպություններ և կառույցներ, մշակութային, գիտակրթական միություններ ու հաստատություններ։ Վերջին մի քանի ժամում համազգային գործադուլին են միացել ավելի քան երկու տասնյակ ընկերություններ:

«Պետության ռազմաքաղաքական ու ֆինանսատնտեսական խնդիրները որպես մարտահրավեր դիտարկող տնտեսվարողներն ու կազմակերպությունները համոզված են, որ օր առաջ պետք է կասեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործունեությունը, որի հետևանքով կորցրել ենք Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ։ Գործադուլին միացած ընկերություններն ահազանգում են նաև, որ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է տնտեսական կոլապսի եզրին։ Բյուջեի ճեղքվածքը, համատարած թանկացումները, դրամի արժեզրկումը, պետական ահռելի պարտքը, ՀՆԱ-ի նվազող ցուցանիշներն ու տասնյակ այլ մարտահրավերներ հարցականի տակ են դրել երկրի ապագան։ Միացի՛ր գործադուլին և դասադուլին»,- ասված է հաղորդագրությունում:

Նկատենք, որ առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել Կառավարության շենք մոտակայքում։ Առանձին ակցիայով Փաստաբանների պալատից դեպի Ազգային ժողով, այնտեղից էլ Դատախազություն երթով գնացել են փաստաբանները։ Նրանք հիշեցնենք, պահանջում են որ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ կալանավորվի։ Պահանջը չկատարելու դեպքում նրանք մտադիր են նստացույց հայտարարել։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth