Փաշինյանը Սիսիանից վերադարձավ Երևան. Նրա այցը Գորիս ու Կապան չկայացավ

Փաշինյանը Սիսիանից վերադարձավ Երևան. Նրա այցը Գորիս ու Կապան չկայացավ

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզ մեկնելուց առաջ տեսաուղերձով դիմեց սյունեցիներին՝ կոչ անելով չբորբոքել կրքերը: Նա ընդգծեց, որ գնում է Սյունիք սյունեցիների հետ պարզ խոսելու, նրանց մտահոգող հարցերին պատասխանելու:

«Ցավով եմ տեղեկանում, որ Սյունիք այցելելու վերաբերյալ իմ գրառումը որոշակի կրքեր է բորբոքել: Հույս ունեմ կհամոզվեք, որ Սյունիք այցելու իմ որոշումն ամենևին կրքեր բորբոքելու նպատակ չունի: Որոշումը կայացրել եմ սյունեցիների նկատմամբ իմ հարգանքը և գնահատանքը փոխանցելու համար: Երկրորդ առավել կարևոր պատճառը ձեր հարցերին պատասխանելն է»,- մասնավորապես ասել էր Փաշինյանը:

Երեկ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքում գրառում էր արել և նշել, որ  առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։

Առավոտյան հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Չնայած դրան Սյունիքի մարզի բնակիչները փակեցին Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ նպատակ ունենալով արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս: Ավելի վաղ սյունեցիները հավաքվել էին Սյունիքի դարպասների մոտ՝ նույն պահանջով: Սյունեցիները վաղ առավոտից ցանկանում էին փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետի մուտքը մարզ, սակայն նրանց ոստիկանական ուժերը չթույլատրեցին և նրանք մնացին Շինուհայրի խաչմերուկում։ Ոստիկանները փակել էին ճանապարհը և թույլ չէին տալիս, որ սյունեցիները դուրս գան Գորիս քաղաքից։ Ոստիկանությունն էլ գտնվում էր Գորիսի ելքի մոտ՝ արգելելով քաղաքացիներին դուրս գալ քաղաքից և իրականացնել իրենց ակցիան: Սյունեցիների ու ոստիկանության միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է տեղի ունեցել։

Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ առաջինը կանգ առավ մարզի Սառնակունք գյուղում, իսկ հետո Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Արցախի պատերազմի նահատակների հիշատակին։ Վարչապետը Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ փորձեց պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում Սյունիքի սահմանների երկայնքով:

Մինչ այդ միջադեպ տեղի ունեցավ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Պարգև քահանա Զեյնալյանը չսեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը: Միջադեպը հասարակության մեջ լայն արձագանք ստացավ: Միջադեպին արձագանքել է թե՛ ոստիկանությունը, թե՛ Մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ Մայր Աթոռը:

Այսքանով Փաշինյանի այցը Սյունիքի մարզ ավարտվեց: Ֆեյսբուքում նա գրառում կատարեց՝ գրելով, որ վերադառնում են Երևան:

«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավել ևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»,- գրել է Փաշինյանը:

Չնայած նրան, որ Սյունիքի մարզում ճանապարհներ փակած սյունեցիներին հաջողվեց թույլ չտալ Փաշինյանին այցելել մարզի մյուս բնակավայրեր, Երեւան- Գորիս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ։ Սյունեցիները ճանապարհը փակ կպահեն այնքան ժամանակ, մինչև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ չարձակեն։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:

Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth