Մուրադովը հաստատել է. 62 հայ գերեվարվածները գտնվում են Բաքվում

Մուրադովը հաստատել է. 62 հայ գերեվարվածները գտնվում են Բաքվում

Ազգայն Ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ինքն ու պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հանդիպել են Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների և ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։

«Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից եւս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։ Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»,- գրել է Բաղդասարյանը:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 18-ին, ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի: ԱՀ պաշտպանության նախարարությունից նշել էին, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ Հին Թաղերի և Խծաբերդի վրա ադրբեջանական հարձակումից հետո երկար ժամանակ հարյուրից ավելի գերիների վերաբերյալ լուրեր էին տարածվում համացանցում։ Միայն դեկտեմբերի 17-ին պաշտոնական տեղեկություններ ստացվեցին, որ անհայտ է մնում Հադրութի երկու գյուղի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացրած 73 մարդու ճակատագիր, որոնք, news.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ՄՈԲ-ից են և պահում էին Խծաբերդի դիրքերը։ Զոհված 9 զինծառայողները այլ խմբից են, պահում էին Հին Թաղերի դիրքերը։

Դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Հին Շեն և Մեծ Շեն կոչվող հատվածներից (Շուշիի շրջան), նախորդող օրը հերթափոխ եղած մեր հայրենակիցները, որևէ կապ չունեն Խծաբերդի (Հադրութի շրջան) հատվածի հետ։

Ադրբեջանական տելեգրամ ալիքները շարունակում են տեսանյութեր հրապարակել, որտեղ, ըստ հրապարակումների, երևում են դեկտեմբերի 14-ին գերեվարված հայ զինծառայողները: Տելեգրամ ալիքներում հայտնվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են հայ զինծառայողները գերեվարում ադրբեջանցի զինվորների: Խոսք է գնում առնվազն երկուսի մասին: Ավելի ուշ տեղեկություններ ստացվեցին, որ նշված տեսանյութերում գերեվարված ադրբեջանցիներն արդեն փոխանակվել են հայ գերիների հետ դեկտեմբերի 14-ի փոխանակման ժամանակ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth