Նոր քարտեզ. Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին

Նոր քարտեզ. Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին

Արցախում իրավիճակի վերաբերյալ ՌԴ ՊՆ կողմից դեկտեմբերի 14-ին հրապարակված քարտեզում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ընդգրկված չէր Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը։ Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի այդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո՝ դեկտեմբերի 13-ին, հրապարակված քարտեզում ավելացվել էին նաև Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը։ Նշենք, որ դեկտեմբերի 17-ին հրապարակված նոր քարտեզում պատասխանատվության գոտում կրկին ընդգրկված չէ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը:

Այսօր ՊԲ-ի մամուլի ծառայությունից հայտեցին, որ Արցախի Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում 9 հայ զինծառայողի դի է հայտնաբերվել: News.am-ի տեղեկություններով՝ նրանց մեծ մասն Արմավիրի մարզից է, ծառայություն էին իրականացնում ՄՈԲ-ով։ Աղբյուրի հաղորդման համաձայն՝ հայտնաբերվածներն այն նույն զինծառայողներն են, որոնք Հին Թաղերի ուղղությամբ գերեվարված էին հայտարարվել օրեր առաջ։

«Նրանց ջոկը բաղկացած է եղել 11 հոգուց։ Մյուս երկու զինծառայողների վերաբերյալ լուր չկա։ Նրանք 120 հոգանոց այն վաշտի կազմում էին, որոնք Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո շրջափակման մեջ էին ընկել, ադրբեջանցիների հետ բանակցելուց հետո վաշտի 83 զինծառայողները կարողացել էին դուրս գալ շրջափակումից դեկտեմբերի 12-ին»,- հայտնում է news.am-ը:

Ավելի վաղ Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերի գյուղապետերը հաստատել էին, որ հայկական կողմից շուրջ մեկ տասնյակ զինծառայող է գերեվարվել Հին Թաղերի ուղղությամբ։  Նախօրեին էլ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին նոր սպանված հայ զինծառայողների տեսանյութ։

Հիշեցնենք, որ Հին Թաղերի և Խծաբերդի վրա ադրբեջանական հարձակումից հետո երկար ժամանակ հարյուրից ավելի գերիների վերաբերյալ լուրեր էին տարածվում համացանցում։ Միայն երեկ պաշտոնական տեղեկություններ ստացվեցին, որ անհայտ է մնում Հադրութի երկու գյուղի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացրած 73 մարդու ճակատագիր, որոնք, news.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ՄՈԲ-ից են և պահում էին Խծաբերդի դիրքերը։ Զոհված 9 զինծառայողները այլ խմբից են, պահում էին Հին Թաղերի դիրքերը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում էին նախաձեռնել  Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հայկական կողմն ուներ 9 վիրավոր։ Ադրբեջանական կողմն ունի զոհեր և վիրավորներ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth