Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ անազատության մեջ

Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ անազատության մեջ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի և մյուսների  վերաբերյալ քրեական գործով երկրորդ դատական նիստը։ Մոտ ժամ ու կես տևած նիստից հետո դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, իսկ քիչ անց հրապարակեց որոշումը՝ չփոխելով խափանման միջոցը: Լոռեցյանը կշարունակի մնալ անազատության մեջ:

Չնայած, որ դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին որոշում չէր կայացվել, Գևորգ Լոռեցյանի հարազատներին թույլ չտվեցին ներկա գտնվել նիստին: Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանն իր այդ որոշումը պայմանավորել է՝ ելնելով համավարակից (COVID 19): Պաշտպանը նշեց, որ հերթական անգամ խախտվեց Լոռեցյանի իր գործի հրապարակային քննության իրավունքը: Փաստաբան Սահակյանը դատարանի որոշումը բողոքարկելու է վերաքննիչ դատարան նաև այդ հիմքով: Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարին:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։

Սույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Լոռեցյանի վարորդ Էդուարդ Հովհաննիսյանին և «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանին:

Էդուարդ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվություն և միջոցներ է տրամադրել, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Գևորգ Լոռեցյանին։ Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth