ԱԻՆ առաջիկա անելիքները. Կրթություն, իրազեկում, ապաստարաններ

ԱԻՆ առաջիկա անելիքները. Կրթություն, իրազեկում, ապաստարաններ

Դեկտեմբերի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացավ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը։ Թեման՝ ռազմական դրության ժամանակ ԱԻ նախարարության կատարած աշխատանքն ու առաջիկա անելիքները։

Մի քանի մեջբերում ասուլիսից․

  • Պատերազմի առաջին օրվանից ԱԻՆ-ը ստանձնել է հումանիտար օգնության հավաքագրման եւ տեղափոխման աշխատանքը։ Բեռները տեսակավորվել, պահեստավորվել եւ ուղարկվել են Արցախ, ինչպես նաեւ՝ Հայաստանի այն համայնքներ, որտեղ կային արցախցի տարհանվածներ։ Արտասահմանից հումանիտար օգնությունը դեռ շարունակվում է ։
  • ԱԻՆ ծառայողներից կազմվել է կամավորական գումարտակ՝ 227 հոգով, որոնք մեկնել են առաջնագիծ եւ մոտ 20 օր պահել Մարտունի-Հադրութ հատվածում իրենց վստահված դիրքը։ Զոհեր եւ վիրավորներ չեն եղել։ Բոլորը ներկայացվել են շքանշանով պարգեւատրման։
  • ԱԻՆ փրկարար ուժերից որոշ ծառայողներ երկարաժամկետ գործուղվել էին Արցախ՝ Ստեփանակերտի եւ մյուս քաղաքների ապաստաններում գտնվողներին սնունդ մատակարարելու, ինչպես նաեւ Արցախի փրկարարների հետ վերացնելու ռմբակոծությունների հետեւանքները ։
  • ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության շտապօգնության բրիգադները կատարել են վիրավորների տեղափոխում եւ առաջին օգնության ցուցաբերում։ Ծավալվել է դաշտային հոսպիտալ։ Իրականացվել է նաեւ զոհված զինվածայողների մարմինների դուրսբերում եւ տեղափոխում համապատասխան վայրեր։
  • Արցախում բուն փրկարարական աշխատանքները ներկայումս կատարում են միայն արցախցի փրկարարները՝ ռուս խաղաղապահների եւ ռուս փրկարարների հետ համագործակցությամբ։

Առաջիկա անելիքներ

  • Պատերազմը վերհանեց քաղաքացիական պաշտպանության բաց կողմերը։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջնահերթ է համարում ոլորտի կարգավորումը։ Եթե Ստեփանակերտում եւ Արցախի մյուս քաղաքներում բնակչությունը պատրաստված է, գիտի՝ ինչ վարքագիծ դրսեւորել եւ որտեղ պատսպարվել օդային տագնապի ժամանակ, ապա Հայաստանում այս հարցը հրատապ է։ Փորձը ցույց տվեց, որ անվտանգության վերաբերյալ տեսանյութերը քիչ են, պետք է հանրային իրազեկման շրջանակը լայնացնել՝ լրատվամիջոցներում հարցազրույցների, հեռուստատեսային հաղորդումների եւ ասուլիսների միջոցով։
  • Ներկայումս քայլեր են ձեռնարկվում ենթակառուցվածքները, մասնավորապես՝ նկուղներն ու ապաստարանները կարգի բերելու համար։ Ինչպես հայտնի է , բարձրահարկ շենքերում նկուղները մասնավորեցված են եւ հիմնականում ծառայում են որպես կենցաղային պահեստ։ Իրավական նորմերի կարգավորման անհրաժեշտություն կա։ Թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ ռազմական դրության ավարտից հետո շարունակվում է ԱԻՆ-ի եւ համայնքների ակտիվ համագործակցությունը։ Նկուղների վիճակի մասին կան հաշվետվություններ։ Համայնքը կնախաձեռնի դրանց մաքրումն ու նախապատրաստումը՝ ԱԻՆ-ի հսկողությամբ։
  • Քննարկվում է կրթական հաստատություններում քաղպաշտպանության կարճ դասընթացների ներդրման անհրաժեշտությունը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth