Արցախում շարունակվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքները

Արցախում շարունակվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքները

Նոյեմբերի 23-30-ը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը արձագանքել է 188 կանչի:

Հետպատերազմական շրջանում կանչերի մեծ մասը եղել է զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ։ Անցած շաբաթ զենք զինամթերքի հայտնաբերման եւ վնասազերծման 69 հաղորդագրություն է ստացվել: ԱԻ ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական ջոկատները, Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության սակրավորները եւ Արցախում գործող ականազերծող հումանիտար կենտրոնները Ստեփանակերտում եւ շրջաններում շարունակում են չպայթած հրթիռների եւ այլ զինատեսակների որոնման աշխատանքները:

Հրդեհի 8 դեպք է գրանցվել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հրդեհների մեծ մասն անուշադրության հետեւանք է. հիմնականում բռնկում է առաջանում էլեկտրական ջեռուցող համակարգերից: Քանի դեռ Արցախում ուժի մեջ է ռազմական դրության ռեժիմը, հրշեջ փրկարարները շարունակում են 24-ժամյա ռեժիմով ծառայությունը: Հրշեջների օպերատիվ աշխատանքի արդյունքում մարդկային կորուստներ չեն արձանագրվել:

Նախորդ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում։ Տուժածներ չեն եղել:

ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնն ամեն օր բնակչությանն օգնելու վերաբերյալ տարաբնույթ զանգեր է ընդունում: Կենցաղային կանչերի թիվն անցած մեկ շաբաթում 100-ից ավելի է:

Ծառայության արագ արձագանքման ստորաբաժանումները շարունակում են իրենց հումանիտար առաքելությունը նաև պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներում: Սրան զուգահեռ, Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության հետ համատեղ պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերում իրականացվում է վնասների չափագրում եւ գույքագրում:

wp-apeth