ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունը հաստատում է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին: Ռուսաստանը ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: Այս մասին նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

«Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի՝ սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգության ապահովման նպատակով, վերահաստատում ենք հավատարմությունը Ռուսաստանի Դաշնության դաշնակցային պարտավորություններին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի մի շարք հոդվածների շրջանակում ենթադրվում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքի դեմ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում:

Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունն ու վերադառնալ բովանդակային բանակցությունների ՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունների»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

wp-apeth