ՄԻՊ-ը՝ թշնամու կողմից ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման մասին

ՄԻՊ-ը՝ թշնամու կողմից ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման մասին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զենքի օգտագործման փաստը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:

Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- գրել է Թաթոյանը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց, որ հայկական կողմը ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային արկեր և միջոցներ կիրառելու մասին տեղեկությունը:

«Ուսումնասիրում ենք ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, հատկապես Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և այլ բնակավայրերում հանցագործության և մարդկանց դեմ արգելված զինատեսակների կիրառության մասով ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում»,- ասաց Հովհաննիսյանը:

wp-apeth