Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության մի խումբ աշխատակիցներ կպարգևատրվեն

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության մի խումբ աշխատակիցներ կպարգևատրվեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել: «Արմենպրեսին» այս մասին տեղեկացրել են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Իր խոսքն է ասել նաև ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը:

«Հարգելի հայրենակիցներ, ավանդաբար հոկտեմբերի 30-ին մենք նշում ենք Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական տոնը: Տրամադրությունը տոնական չէ, քանի որ մեր երկրին պատուհասած պատերազմական աղետը փոխեց մեր կյանքի ընթացքը, բայց ոչ փրկարարի գործառույթը: Արցախի փրկարարներն այս դժվար օրերին, ավելի քան երբևէ՝ հերոսական աշխատանք են կատարում: Թշնամու արձակած հրթիռների ու կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ու պատասխանատվությամբ ծառայում հայրենիքին ու ժողովրդին: Սակայն, գերլարված ու ծանրաբեռնված առօրյան առ ոչինչ է այն շնորհակալական ու օրհնության խոսքերի դիմաց, որ լսում ենք ամեն օր: Ուստի, հոգով փրկարար լինելն ապրելակերպ է, որն իր մեջ ամփոփում է մարդասիրություն ու բարություն: Երախտագիտություն եմ հայտնում համակարգի ողջ անձնակազմին, մեր հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու և այս դժվար ժամանակահատվածում՝ բացառիկ նվիրվածության համար: Հպարտ եմ, որ ունեմ Ձեզ նման համածառայակիցներ: Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ: Նույնն է բոլորիս ցանկությունը. Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»,- ասել է Սարգսյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրն է: Այս կապակցությամբ ես ստորագրել եմ հրամանագրեր ծառայության մի խումբ երախտավորների պետական բարձր պարգևներով պարգևատրելու և փրկարարական ծառայության կոչումներ շնորհելու մասին: Իսկ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Գրիգորի Սարգսյանին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:

Հայրենիքը բարձր է գնահատում իր նվիրյալ զավակների անձնուրաց ծառայությունն ու արհեստավարժ աշխատանքը: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ:

Մեր ժողովրդի համար այս օրհասական պահին, երբ Արցախում վճռվում է համայն հայության ճակատագիրն ու ապագան, ծառայության աշխատակիցները շարունակում են բարձր մակարդակով իրականացնել իրենց գործառույթներն ու կատարել հայրենիքի հանդեպ իրենց սրբազան պարտքը: Ցավոք, այս օրերին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս ԱԻՊԾ աշխատակիցներ Հովիկ Աղաջանյանը և Հարութ Աթաջանյանը զոհվել են: Նրանց հիշատակն անմար է ապրողներիս սրտերում։ Կառույցի աշխատակիցների շրջանում կան նաեւ վիրավորներ. նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում։

Թանկագի՛ն բարեկամներ, Իմ մեծագույն ցանկությունն ու մաղթանքն է, որ այսուհետ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեր ծառայողական պարտականություններն իրականացնեք միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում: Խաղաղություն ու բարօրություն ձեզ, ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին»,-ասված է նախագահի ուղերձում։

Դեռ երեկ ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը հայտնել էր, որ փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար «Արիության» մեդալով կպարգևատրվեն մի շարք աշխատակցիներ, իսկ Հ.Աթաջանյանը՝ հետմահու:
«Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ: Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով, իսկ Հ.Աթաջանյանը՝ հետմահու: Զոհված փրկարար Հարություն Աթաջանյանի ընտանիքին և նրա բոլոր հարազատներին վշտակցում, համբերություն և ոգու կորով եմ մաղթում, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth