Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-24-ն այցելել է Շուշիի և Ստեփանակերտի մի շարք ապաստարաններում բնակվող քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց խնդիրներով, ապաստարանների պայմաններով: Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների պատճառով Արցախի բնակչության հիմնական մասը ստիպված է բնակվել ապաստարաններում՝ կրելով բազմաթիվ զրկանքներ:

Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և այլ լիազոր մարմիններ ամենօրյա ռեժիմով աշխատում են հումանիտար ծանր պայմաններում գտնվող բնակչությանն աջակցելու ուղղությամբ: Աշխատակազմում գործող 116 թեժ գծի ու այցերի միջոցով վեր են հանվում քաղաքացիների խնդիրները և բոլոր բնագավառներում տրամադրվում է անհրաժեշտ օժանդակություն:

Պաշտպանը շեշտադրել է, որ Երևանում գտնվող իր ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ՝ ՀՀ տեղափոխված արցախցիների կարիքների գնահատման ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Արձագանքելով բնակչության կողմից հնչեցվող հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում, հայաստանյան, սփյուռքյան և արտասահմանյան գործընկերների հետ միասին արվում է ամեն հնարավորը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախում ստեղծված իրավիճակի մասին միջազգային կառույցներին ու իրավապաշտպան կազմակերպություններին իրազեկելու և հումանիտար աղետի հետևանքները մեղմելու ուղղությամբ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth