ՀՕՊ զորքերի պետի տեղակալը ներկայացրեց փաստեր՝ մարտերում Թուրքիայի F-16 -երի ներգրավվածության մասին

ՀՕՊ զորքերի պետի տեղակալը ներկայացրեց փաստեր՝ մարտերում Թուրքիայի F-16 -երի ներգրավվածության մասին

Մարտական գործողություններում Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչների ներգրավվածության մասին վկայում են մի շարք փաստեր:  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը՝ ներկայացնելով այդ փաստերը:

Նա նախ հիշեցրեց, որ F-16  բազմաֆունկցիոնալ կործանիչները Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվել են դեռ հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների նախապատրաստման նախօրեին: «Եվ ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ զորավարժությունների անցկացման ընթացքում  նշված ինքնաթիռներն ակտիվ գործողություններ են իրականացրել, ակտիվ ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել ՀՀ և Արցախի Հանրապետության պետական սահմանի ամբողջ երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Քարվաճառ, Գյանջա-Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները: Զորավարժությունների ավարտից հետո նշված ինքնաթիռները Թուրքիայի տարածք չեն վերադարձել, մնացել են տեղակայված Գյանջայի օդակայանում»,-ասաց Մովսեսյանը:

 Հետագայում՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել էր Գյանջա օդակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների, դրանց անձնակազմերի և տեխնիկական կազմի հերթափոխ: Մովսեսյանը նշեց, որ վերաթռիչքը Թուրքիայի տարածքից Ադրբեջանի տարածք իրականացվել է Վրաստանի օդային տարածքով:

«Սեպտեմբերի 23-ին ժամը 16:00-ին հերթափոխ կատարած ինքնաթիռները Գյանջայից թռիչք են իրականացրել Վրաստանի տարածքով՝ վերատեղակայվելու համար իրենց հիմնական բազավորման օդակայան: Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակողական գործողությունների առաջին օրից Թուրքիայի F-16   ինքնաթիռները ակտիվորեն ներգրավված են եղել օդից խնդիրների կատարմանը՝ այն է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքների և օբյեկտների ռմբակոծմանը և հրթիռակոծմանը»,-ասաց Մովսեսյանը:

Թուրքիայի F-16 -երի՝ մարտական գործողություններում ներգրավվածության մասին խոսում են մի շարք փաստեր:  Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալը ներկայացրեց դրանցից մի քանիսը: «Սեպտեմբերի 27-ին Գյանջա-Սոթք-Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկի և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկու F-16  ինքնաթիռ խախտել են ՀՀ օդային տարածքը՝ մինչև 6կմ խորությամբ»,-ասաց նա:

Մովսեսյանը հիշեցրեց նաև, որ սեպտեմբերի 29-ին ժամը 12:16-ի սահմաններում Մինգեչաուրի ջրամբարի շրջանում հերթապահություն իրականացվող F-16 ինքնաթիռների զույգը՝ հայտնաբերելով ՀՀ խորքից դեպի պետական սահման թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25  ինքնաթիռը, ուղղություն է վերցրել դեպի պետական սահման և սահմանից մոտ 60 կմ հեռավորության վրա խոցել է հայկական կողմի ՍՈՒ-25 ինքնաթիռը: Դրանից հետո ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հանդես է եկել հայտարարություններով, որ Թուրքիան անմիջական մասնակցություն ունի և մարտական գործողություններում ներգրավում է նաև ավիացիան:

«Հետագա իրենց գործողությունները թաքցնելու նպատակով հոկտեմբերի 3-ին հակառակորդը իրականացրել է F-16   ինքնաթիռների վերահենակայում Գյանջայի օդակայանից Գաբալա օդակայան»,-ասաց նա ու նկատեց, որ եթե մինչև այդ Թուրքիայի F-16-երը գործողություններն իրականացնում էին առանձին՝ իրենց խմբով, դրանից հետո մարտավարությունը փոխվում է և դրանք սկսում են գործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիայի հետ համատեղ:

Մովսեսյանը նշեց, որ 18 օրվա մարտական գործողությունների արդյունքում վերլուծելով F-16 ինքնաթիռների գործողությունները՝ կարելի է գալ եզրակացության, համաձայն որի Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները Ադրբեջանի տարածքում կատարում են հետևյալ կարևորագույն խնդիրները՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, նրանց կողմից ՀՀ-ի և Արցախի Հանրապետության տարածքներին հրթիռային և ռմբային հարվածներ հասցնելու ընթացքում աջակցություն և նրանց գործողություների պատսպարում:

wp-apeth