Խոակին Կապառոս․ «Պետք է հավատարիմ մնանք մեր խաղային փիլիսոփայությանը»

Խոակին Կապառոս․ «Պետք է հավատարիմ մնանք մեր խաղային փիլիսոփայությանը»

Հոկտեմբերի 13-ին՝ Տալլինի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Խորեն Բայրամյանի նախախաղային ասուլիսը։

-Խորեն, վերջերս, նորամուտը նշեցիր Հայաստանի հավաքականում և արդեն մասնակցել ես 3 խաղի: Ի՞նչ է զգում ֆուտբոլիստը, երբ առաջին անգամ դաշտ է դուրս գալիս ազգային հավաքականի մարզաշապիկով:

-Նախևառաջ դա մեծ ուրախություն, մեծ հպարտություն է ներկայացնել քո հայրենիքը: Առաջին անգամ, երբ ես եկա Հայաստան, զգացի անչափ ջերմ վերաբերմունք` ինչպես երկրպագուների, այնպես էլ խաղընկերներիս, ՀՖՖ աշխատակիցների և ղեկավարության կողմից: Այս անգամ արդեն ամենին ծանոթ էի, բայց առաջին անգամն էր, որ խաղում էի Հենրիխ Մխիթարյանի հետ: Այդպիսի մեծ վարպետի կողքին խաղալը շատ հետաքրքիր է և միմիայն դրական հույզեր է պարգևում:

-Կարիերայի ընթացքում դու խաղացել ես տարբեր դիրքերում և, կարելի է ասել, որ ունիվերսալ խաղացող ես: Ո՞րն է քո ամենաօպտիմալ խաղային դիրքը, որտեղ ես ամենալավը զգում քեզ:
-Ամենասիրելի դիրքս այն է, որտեղ ես խաղում եմ հանդիպման առաջին րոպեներից` էական չէ, թե դա աջից է, թե ձախից: Գլխավոր մարզիչը որտեղ էլ որոշի, որ ես պետք է խաղամ, այնտեղ էլ կներդնեմ առավելագույն ուժերս և կփորձեմ օգտակար լինել թիմին:
-Պարոն Կապառոս, Վրաստանի դեմ խաղի համեմատ կա՞ն փոփոխություններ թիմի կազմում:
-Մենք դեռ մեկ մարզում ունենք: Այդ մարզման ընթացքում կհասկանանք, թե ինչպես են վերականգնվել ֆուտբոլիստները: Բարեբախտաբար, վնասվածքներ չունենք: Մենք անընդհատ փոփոխություններ չենք կարող անել, և պետք է հավատարիմ մնանք մեր խաղային փիլիսոփայությանը։
Ի՞նչ կփոխեիք Վրաստանի խաղի համեմատ։
Մենք պետք է հավատարիմ մնանք մեր խաղային փիլիսոփայությանը և գաղափարներին, մենք չենք կարող հարմարվել մրցակցին։ Մենք մեր սեփական անհատականությունը պետք է ունենանք, և մրցակիցները պետք է իմանան, որ Հայաստանի հավաքականի ամենակարևոր բանն այն է, որ այն ցուցադրում է թիմային խաղ։
 —Ինչպիսի՞ն են ձեր եզրակացությունը և մեկնաբանությունները Էստոնիա–Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման վերաբերյալ։ Ի՞նչ առանցքային խաղացողներ կնշեք Էստոնիայի հավաքականից։

-Կարծում եմ, որ հաստատվեց այն, ինչ մենք միշտ ասում էինք․ մեր խմբում հավասար պայքար է ծավալվել։ Ցանկացած սխալ և ցանկացած հաջող գործողություն կարող է անհավասարակշռություն մտցնել խաղի մեջ։ Ես չէի ցանկանա առանձնացնել ֆուտբոլիստների, քանի որ միշտ նախապատվություն եմ տալիս թիմային խաղին։ Հաշվի առնելով Երևանում կրած պարտությունը՝ թիմը, բնականաբար, շատ մոտիվացված կլինի։ Այդ պատճառով մեր թիմը առավելագույն ինտենսիվությամբ և կենտրոնացմամբ հանդես գա։

-Վրաստանի հավաքականի դեմ խաղում Վբեյմար Անգուլոյի փոխարինումը շատերի համար անսպասելի էր, և թիմը գոլ բաց թողեց հենց այդ դիրքում սխալից հետո: Ինչո՞վ եք բացատրում այդպիսի լարված խաղում թիմում նորամուտը նշող խաղացողին փոխարինման դուրս բերելու որոշումը:
Ֆուտբոլն այնպիսի խաղ է, որ բաղկացած է սխալներից և հաջող գործողություններից։ Պետք չէ մեղավորներ փնտրել, այլ հարկավոր է շարունակել վստահել տղաներին։ Եվ եթե այս կամ այն ֆուտբոլիստը փոխարինման պետք է դուրս գա, ապա մենք պետք է ամենայն վստահություն հաղորդենք ֆուտբոլիստին․ սա առաջին հերթին մարզչական շտաբին է վերաբերում։
-Վրաստանի հավաքականի հետ խաղում առջևի գծում կրեատիվության պակաս էր զգացվում: Այդ պայմաններում ո՞րն էր Վահան Բիչախչյանին այդքան քիչ խաղաժամանակ տալու պատճառը:
Ես այդքան էլ համաձայն չեմ այն կարծիքին, որ խաղում մեր ստեղծագործական էլեմենտը չէր բավարարում։ Կուզեի նշել, որ մեզ դիմակայում էր շատ ուժեղ հավաքական։ Մենք բոլորովին վատ չխաղացինք, ես գոհ եմ տղաներից։ Այնքան, որքան խաղաց Վահան Բիչախչյանը՝ ես նպատակահարմար գտա կայացնել այդ որոշումը։
wp-apeth