Լրագրողի թիրախավորումը միտված է Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունների լուսաբանմանը խոչընդոտելուն. ԱԳՆ

Լրագրողի թիրախավորումը միտված է Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունների լուսաբանմանը խոչընդոտելուն. ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախում լրագրողների թիրախավորումը միտված է Ադրբեջանի բանակի ռազմական հանցագործությունների լուսաբանմանը խոչընդոտելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը հերթական անգամ հրթիռակոծել են Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, ինչի արդյունքում արտասահմանցի լրագրողներ Յուրի Կոտենոկը, Լևոն Արզանովը, ինչպես նաև նրանց առաջնորդող Հրանտ Բալադյանը վիրավորվել են՝ տաճարի առաջին հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու ընթացքում: Լրագրողների թիրախավորումը` նրանց մասնագիտական գործունեության ընթացքում, կանխամտածված քայլ է՝ ուղղված ադրբեջանական բանակի կողմից կատարված ռազմական հանցագործությունների արձանագրմանը և միջազգային հանրությանը դրանց ներկայացմանը խոչընդոտելուն»,- գրել է Նաղդալյանը:

ՀՀ ԱԳՆ-ն շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավոր լրագրողներին և վճռականորեն դատապարտում Ադրբեջանի կողմից իրականացված այդ ռազմական հանցագործությունը:

«Միևնույն ժամանակ, մենք ուշադրությունն ենք հրավիրում ողջ միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների և նրանց, ովքեր հանդես են գալիս խոսքի ազատության օգտին, տեղեկատվության հասանելիության իրավունքի կոպիտ խախտման այդ փաստին»,- նշել է Աննա Նաղդալյանը:

wp-apeth