Միջազգային մամուլի էջերին հայտնված լուսանկարի զինվորը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Միջազգային մամուլի էջերին հայտնված լուսանկարի զինվորը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Միջազգային մամուլի էջերում հայտնված լուսանկարի զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: «Ֆեյսբուք»-ի իր էջում Ալբերտի հորը` Արտակ Հովհաննիսյանին ուղղված գրառման մեջ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի ՛ Արտակ, պատերազմական այս ծանր օրերին, ցավոք, բոլորիս ուշքն ու միտքը ռազմաճակատն է, դրա համար թույլ տուր որդուդ՝ Ալբերտի, կորստի համար վշտակցությունս ու ցավակցությունս հայտնել հեռակա: Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ: Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում: Արցախը բարձր է գնահատում իր հերոս որդու սխրանքը, և, իմ հրամանագրով՝ Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով»,- գրել է նախագահը:

Հարությունյանը նշել է, որ Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին, և հայ ժողովուրդը Ալբերտի հարազատների հետ հավասար կարող է և պետք է հպարտանա իր նվիրյալ զավակներով:

«Այսօր կարդացի նաև Ձեր հորդորը, որ հերոս տղայի վերջին հրաժեշտի արարողության ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն Հայրենիքի զորացմանը: Ես իմ խոնարհումն եմ ուզում բերել նաև Ձեր մարդկային և ծնողական վեհ տեսակին: Մեր ժողովուրդն անպարտ է, քանի որ Ձեզ ու Ձեր որդու պես զավակներ ունի: Հազա՛ր փառք Հայրենիքի համար բոլոր ընկածներին: Պատի՛վ ունեմ»,- եզրափակել է Արայիկ Հարությունյանը:

Ալբերտ Հովհաննիսյանի նկարը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին օրերից հայտվել է հայաստանյան և միջազգային մամուլի էջերին:

wp-apeth