Ադրբեջանը փաստեց Արցախում հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու ծրագրի մասին. Գարեգին Բ

Ադրբեջանը փաստեց Արցախում հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու ծրագրի մասին. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը և միտումնավոր ռմբակոծությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատապարտող հայտարարության մեջ ասված է.

«Տեղեկացանք այսօր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման և միտումնավոր ռմբակոծության մասին։

Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին՝ աջակից ունենալով ցեղասպան Թուրքիային և վերջինիս կողմից վարձած ահաբեկչական-ծայրահեղական զինյալներին։

Աստծո հետ մեր ուխտն ամուր է, հավատը` աներեր։ Ղազանչեցոցը, իբրև խորհրդանիշ մեր արցախահայության ազատատենչ ոգու և Արցախի վերածննդի, անխորտակելի է և ինչպես անցյալում, այսուհետ ևս շարունակելու է իր օրհնությունը տարածյալ պահել մեր ժողովրդի վրա և վկայել Արցախի մեր քաջարի զավակների ազատ ու անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, լավատեսությունը գալիքի նկատմամբ։

Աստված պահապան ու օգնական մեր արիասիրտ զորականներին և Արցախի հավատավոր ժողովրդին»։

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ միտումնավոր թիրախավորել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով վիրավորվել են լրագրողներ, նրանցից մեկի վիճակը ծանր է:

wp-apeth