Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի. ՀՀ վարչապետ

Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Sky news հեռուստաալիքին, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունը, ըստ էության, վերածվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի:

Բախվելով անլուծելի խնդրի, որը ծագել է իր պաշտոնավարման տարիներից շատ առաջ, և վկայակոչելով սիրիացի վարձկանների մասին լուրերը՝ պարոն Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության այս վերջին սրացումը համարում է քաղաքակրթական խնդիր:

Նիկոլ Փաշինյանը Sky News-ին ասաց. «Նախ, Թուրքիան ուղղակիորեն և ամբողջովին ներգրավվել է հակամարտության մեջ՝ հրահրելով և բորբոքելով այն»: Թուրքիան Սիրիայի տարածքից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի, ինչը փոխում է ամբողջ համատեքստը: Նա հավելեց. «Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պայքարը միջազգային ահաբեկչության դեմ»:

Պարոն Փաշինյանը նաև մեղադրում է Թուրքիային Ադրբեջանին սատարելու մեջ՝ «հայերի դեմ ցեղասպան քաղաքականություն վարելու և այդ երկրի ծավալապաշտական նկրտումները զարգացնելու համար»: Նա ասաց. «Եկեք նայենք, թե ինչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Ինձ համար կասկած չկա, որ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու և թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է»:

ՀՀ վարչապետը կրկնեց իր բանակցային դիրքորոշումը, այն է՝ ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Թուրքիայի ներկայիս կեցվածքը նոր հարթություն է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այդուամենայնիվ, այն շարունակում է մնալ որպես տարածքային վեճ, որը չի կարգավորվել Հայաստանի նախորդ կառավարությունների և հայր ու որդի Ալիևների դինաստիայի կողմից:

Չնայած հրադադարի ռեժիմի միջազգային կոչերին, մենք ականատեսն ենք ահագնացող բռնության, ինչն արդեն իսկ հանգեցրել է քաղաքացիական անձանց մեծաթիվ կորուստների»:

Վարչապետի հարցազրույցի վերաբերյալ հոդվածը՝ այստեղ:

wp-apeth