Արցախի և Ադրբեջանի շփման գծում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել

Արցախի և Ադրբեջանի շփման գծում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել
ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
«Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հերթին գրել է, որ անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:
«Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները: Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո:

Հաղթանակը մերն է լինելու, վստա՛հ եղեք»,- հավելել է Հարությունյանը:
Ավելի վաղ Արայիկ Հարությունյանն ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփել էր առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ:
«Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, և այս պահին ևս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ: Թերևս դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը միայն «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել: Այսօր ինձ զեկուցեցին նաև, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար և հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատերազմից ու, ամենակարևորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները և շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին: Մեր համազգային միասնությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում: Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»,- գրել է Արցախի նախագահը:
wp-apeth